կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 01:57
Տնտեսական

Վարչապետը այցելել է սողանքային գոտի

Վարչապետը այցելել է սողանքային գոտի

Ինչպես Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի ուղեկցությամբ, այցելել է M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհահատվածում, տեղի ունեցած սողանքային գոտի:

 

Նա ծանոթացել է սողանքի գոտում առկա իրավիճակին եւ կատարվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին:

 

Վարչապետին տեղեկացվել են, որ անհայտ կորած 12 անձանցից 7-ը գտնվել են, իսկ անհայտ կորած համարվող 5 անձանցից երկուսը Վրաստանի` ազգությամբ հայ քաղաքացիներ են:

 

Վարչապետ Սարգսյանը հայտնել է, որ սողանքի գոտում շուտով աշխատանքներն են սկսելու հանրապետության լավագույն երկրաբանները՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այն:

 

«Սողանքի մասշտաբը շատ մեծ է. փլվել է ճանապարհին հարակից սարի 1/3-րդ հատվածը: Սողանքի առաջացման առիթ կարող է լինել մի քանի օր առաջ տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ երկրաշարժը: Ձեւավորվել է օպերատիվ շտաբ, եւ բոլոր օպերատիվ ծառայությունները, այդ թվում՝ ոստիկանությունը, բուժսպասարկող եւ փրկարարական ուժերը, սկսել են ակտիվ որոնողափրկարարարական աշխատանքներ տանել: Այժմ մեր առաջնային խնդիրը երկրաբանների կողմից գնահատականներ ստանալն է»,- լրատվամիջոցների հետո ճեպազրույցում ասել է Սարգսյանը:

 

Անդրադառնալով ճանապարհահատվածում կատարվելիք աշխատանքների ծավալներին՝ վարչապետը նշել է. «Այս պահին պետք է սպասենք երկրաբանների եզրակացությանը՝ որոշելու, թե նոր ճանապարհն ինչպե՞ս եւ ո՞ր հատվածում պետք է կառուցել: Հարկավոր է մեր լավագույն մասնագետներին ուղարկել այստեղ, որպեսզի գտնենք ճանապարհի կառուցման լավագույն ռազմավարությունը»,- ասել է գործադիրի ղեկավարը` ավելացնելով, որ այս պահի դրությամբ առաջնային հարցը մոտակա գյուղերի բնակիչների համար փլված ճանապարհահատվածը շրջանցող նոր ուղղություն գտնելն է:

 

Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել սողանքի գոտին շրջանցող 3 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում առկա խնդիրները՝ այն մարդատար ավտոմեքենաների համար երթեւեկելի դարձնելու նպատակով: