կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-01 20:15
Հասարակություն

Լոռու մարզում շարունակվում են սողանքային մարմնի կայունացման աշխատանքները

Լոռու մարզում շարունակվում են սողանքային մարմնի կայունացման աշխատանքները

Հունվարի 21-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ էր ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար:

Տեղում ծավալվել է շուրջօրյա օպերատիվ շտաբ սողանքային մարմնի կայունացման աշխատանքները համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Աշխատանքներում ներգրավվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:

Տեղանքում կատարված ինժեներաերկրաբանական հետազոտությունների հիման վրա՝ իրականացվել է 13 և 40 մետրանոց երկու ուղղահայաց հորատում: Նշված վայրերում տեղադրվել են չափիչ սարքեր՝ ստորգետնյա ջրերի մակարդակին հետևելու համար:

Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) տրամադրած սարքավորումներով՝ ՀՀ ԱԻՆ քաղպաշտպանության վարչության ուժերով կառուցվել է հատուկ հարթակ ջրահեռացման աշխատանքների և հորիզոնական հորատում իրականացնելու համար: Սարքավորումները տրամադրվել են «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում» հայ-ճապոնական ծրագրի շրջանակում:

ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների ուժերով սողանքի հետևանքով առաջացած ճեղքերը կավային նյութով փակվել են, 4 կետից իրականացվել է գրունտային ջրահեռացում:
Կատարված աշխատանքների արդյունքում՝ սողանքի գոտում տեղադրված տվիչների միջոցով իրականացվող մշտադիտարկման տվյալներով հունվարի 21-ից ի վեր շուրջ 3 հա մակերեսով սողանքային մարմնի շարժ չի գրանցվել:

ՀՀ Լոռու մարզում սողանքային մարմնի կայունացման աշխատանքները շարունակվում են: