Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշման փոփոխություն, որի մշակումը բխում է տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի, ինչպես նաև հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանում ծառայությունների տրամադրման գործընթացը հստակեցնելու և իրավական կարգավորում տալու անհրաժեշտությունից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնային պայմաններում խնամքի ծառայություններ է տրամադրում Երևան քաղաքում բնակվող շուրջ 1500 տարեց ու հաշմանդամություն ունեցող անձի: Սպասարկվողները հիմնականում խնամքի կարիք ունեցող, միայնակ, սոցիալապես անապահով տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք են: Սպասարկվողների ընդհանուր թվաքանակի մոտ 30%-ը հաշմանդամություն ունեցող անձինք են և օգտվում են օրենսդրությամբ նախատեսված՝ անվճար դեղ ստանալու իրենց իրավունքից, իսկ սպասարկվողների մնացած մասը՝ ավելի քան 1000 մարդ, չունի այդ իրավունքը, ուստի տնային խնամքի ծառայություն ստանալիս բժշկական օգնության ու սպասարկման շրջանակում անվճար դեղ ստանալը (բժշկի նշանակումով) մեծ աջակցություն է սոցիալապես անապահով տարեց մարդկանց համար:
Եվ սկսած 2000 թվականից այդ գործընթացը իրականացվել է, ինչը համարվում է նաև տնային խնամքի դրական բաղադրիչներից մեկը, որից իրենց գոհունակությունն են հայտնում բազմաթիվ սպասարկվողներ:
Մյուս խնդիրը, որը ևս փաստացի իր լուծումը ստացել է, սակայն իրավական կարգավորումը հստակեցման կարիք ունի, դա ՊՈԱԿ-ի կառուցվածքում գործող «Վետերան» օթևանում բնակիչներին տրամադրվող սոցիալական սպասարկման ծառայությունների տեսակների հստակեցման և համապատասխան իրավական ակտում ամրագրման հարցն է:
«Վետերան» օթևանում բնակվում են Երևանում բնակարան չունեցող, պետության ու հասարակության առջև մեծ վաստակ ունեցող տարեց անձինք: «Վետերան» օթևան ընդունված անձինք ապահովվում են կացարանով, ըստ անհրաժեշտության՝ առաջին անհրաժեշտության իրերով (օթևան ընդունվելիս լինում են այնպիսի անձինք, որոնք իրենց հետ ոչինչ չեն ունենում), նրանց մատուցվում է առաջին բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում՝ անվճար դեղ տրամադրելը (բժշկի նշանակումով):
Ելնելով այն հանգամանքից, որ օթևանում անձինք բնակվում են երկար տարիներ և տարեց-տարի նրանց առողջական վիճակը վատթարանում է, ավելի հաճախ են բժշկական օգնության կարիք զգում. «Վետերան» օթևանում մշտապես գործել է բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն, ինչի անհրաժեշտությունն իրավամբ կա: Ուստի անհրաժեշտ է հստակեցնել նշված գործընթացները և այդ խնդիրներն ամրագրելով համապատասխան իրավական ակտում, դրանց տալ իրավական կարգավորում:
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության նշված որոշումների մեջ, համաձայն որոնց` տնային պայմաններում սպասարկվող այն անձանց, ովքեր չեն օգտվում օրենսդրությամբ նախատեսված՝ անվճար դեղ ստանալու իրավունքից, բժշկի նշանակումով տրամադրվում են անվճար դեղեր, և երկրորդ՝ «Վետերան» օթևանում բնակվող անձանց, ըստ գնահատված կարիքի, տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև բժշկի նշանակումով՝ դեղեր (այն անձանց, ովքեր չեն օգտվում օրենսդրությամբ նախատեսված՝ անվճար դեղ ստանալու իրավունքից) և օթևանում սահմանվում է բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն: Սա կհամարվի նաև պետության կողմից հարգանքի ու գնահատանքի տուրք՝ կյանքի մայրամուտում գտնվող ու դժվարին իրավիճակում հայտնված վաստակաշատ մարդկանց նկատմամբ: