կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 12:09
Հասարակություն

Սերժ Թանկյանը կաջակցի Վանաձորի տարեցներին

Սերժ Թանկյանը կաջակցի Վանաձորի տարեցներին

Asbarez-ը հայտնում է, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը փետրվար 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների  տաք սննդով ապահովելու ծրագիր է իրականացնելու, որը ֆինանսավորում են աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու նրա կինը` Անժելան:

 

Ըստ հիմնադրամի՝ այս ծրագիրը նախատեսվել է տարեցների համար, որպեսզի տաք սնունդ ստանան, միմյանց հետ շփվեն և լավ ժամանակ անցկացնեն:

 

Ի դեպ, Վանաձորի «Օրրան» են հաճախում անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, ովքեր այնտեղ ոչ միայն սնվում, այլ նաև բժշկական, հոգեբանական, դաստիարակչական և այլ աջակցություն են ստանում:

 

«Քանի որ մեր միջոցներն այն ժամանակ սահմանափակ էին, մենք չկարողացանք տարեցներին այս ծրագրում ներառել` ի տարբերություն Երևանի, որտեղ ծրագիրը նաև ներառում է տարեց մարդկանց: Սակայն երբ Թանկյանն ու կինը մեզ ցանկություն հայտնեցին օգնելու, մենք նրանց մի քանի տարբերակներ առաջարկեցինք: Նրանք ընդունեցին և իրենց աջակցությունը ցուցաբերեցին այս ծրագրին` ձմռան ցուրտ օրերին տարեցներին օրը գոնե մեկ անգամ տաք սնունդ և հոգատարություն ապահովելով»,- ասել է «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը: