Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության աճ է նկատվում: Այսօր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողներին ասաց, որ լարվածության պատճառը մեկն է` թշնամանքը միմյանց հանդեպ, սակայն ամեն անգամ լարվածության սրման առիթները տարբեր են լինում:
Ըստ նրա` սահմանին լարվածության սրման պատճառը քաղաքական իրադարձություններն են, որոնցից ամենակարևորը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր 6-րդ գումարման ԱԺ-ի բացման նիստում: Նախագահի ելույթը, քաղաքագետի կարծիքով, նոր տեմպ հաղորդեց բանակցային գործընթացին: «Սերժ Սարգսյանը նշեց, որ, փոխզիջում ասելով, Արցախի ինքնորոշման իրավունքն ենք հասկանում, ու նոր գնահատական տվեց «փոխզիջում» կոչվածին: Եթե նախկինում, փոխզիջում ասելով, տարածքների վերադարձ նկատի ունեինք, ապա այժմ միայն Արցախի ինքնորոշման հարցն է բարձրացվում, ինչն ակնհայտորեն նյարդայնացնում է Ադրբեջանին»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Բացի այդ, նրա համոզմամբ, կարևոր էր նաև Սերժ Սարգսյանի` մադրիդյան սկզբունքների քննադատությունն ու նշելը, թե լավ է, որ դրանք կյանքի չեն կոչվում: Քաղաքագետի մեկնաբանմամբ` նման գնահատականը նաև ակնարկ է, որ բանակցությունների ժամանակ մադրիդյան սկզբունքներն այլևս սեղանին չեն լինելու: «Սա ակնարկ է այլ փաստաթղթի մասին, ինչպես նաև խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշումը փոխվել է: Այս ամենն ինչ-որ չափով ոգևորիչ է, քանի որ ապրիլյան պատերազմից հետո պետք է որոշ փոփոխություններ լինեին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսմանը, ապա, ըստ Մելիք-Շահնազարյանի, Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո կուզեր վերականգնել իր դիրքերը, սակայն նրա ցանկություններ և հնարավորությունները չեն համընկնում: Ավելին, քաղաքագետի հավաստմամբ, Ադրբեջանի ԶՈՒ-ն լուրջ խնդիրներ ունի, և նման զինված ուժերով Ադրբեջանն ուղղակի չի կարող պատերազմ սկսել: «Վերջերս բացահայտվեց Ադրբեջանում տեղի ունեցած լրտեսական սկանդալը, ըստ որի` 40-ից ավելի սպաներ կալանավորվեցին, քանի որ մեղադրվում էին հայկական հատուկ ծառայություններին ինֆորմացիա տալու մեջ: Կալանավորվածներին հերթով սպանում և փակ դագաղով թաղում էին, ինչն Ադրբեջանում շատ հարցեր առաջացրեց: Այսինքն` Ադրբեջանին հիմա իրավիճակային փոփոխություն է պետք, սակայն, այս ամենը հաշվի առնելով, նա չունի այդ միջոցները»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նշեց նաև, որ օրեր առաջ, երբ Մինսկի խումբը հասցեական հայտարարությամբ հանդես եկավ` Ադրբեջանին հորդորելով ավելի զուսպ լինել և պահպանել հրադադարը, սա Մինսկի խմբի` նման կոնտեքստով առաջին հայտարարությունը չէր: Ըստ Մելիք-Շահնազարյանի` նման հայտարարություն էր եղել նաև 2015-ի հունվարին, երբ խումբը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ: Այս առումով, բանախոսի կարծիքով, հայկական կողմը պետք է ուշադիր լինի` իր դիրքորոշումով խրախուսելու, որ նման հայտարարությունները շարունակական լինեն:
Հարցին, թե, այնուամենայնիվ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման ի՞նչ տարբերակ է հնարավոր համարում, քաղաքագետը պատասխանեց, որ այս պահին խնդրի վերջնական լուծում չի տեսնում: «Համոզված եմ, որ Ադրբեջանը չի ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ հայկական կողմը տարածքներ չի զիջելու, բայց այլ մեխանիզմներ այս պահին չկան»,- ասաց Մելիք-Շահնազարյանը: