կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-20 11:55
Քաղաքական

Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու և հաջողության հասնելու ռեսուրս չունի. քաղաքագետ

Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու և հաջողության հասնելու ռեսուրս չունի. քաղաքագետ

Հայ-ադրբեջանական բանակցությունները չեն վերսկսվում հայկական կողմի վճռական դիրքորոշման արդյունքում, ինչը դիվանագիտական տեսանկյունից ճիշտ դիրքորոշում է. լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ հայկական կողմը դեռևս ապրիլից հետո էր բանակցություններ սկսելու համար նախապայմաններ առաջ քաշել:

Խոսելով վերջին օրերի սահմանային լարվածության մասին` քաղաքագետն ասաց. «Մշտապես կարելի է խոսել ադրբեջանական կողմի հարձակումների կամ լարվածության աճի պատճառների մասին, դա կապել Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի կամ նախագահների հանդիպումների հետ, սակայն խորքային վերլուծություն կատարելու և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կանխելու ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու ժամանակն է»:

Նրա խոսքով՝ արդեն երեք տարի է` սահմանին լարվածության աճ է նկատվում, սակայն դա, ըստ նրա, նոր լայնածավալ պատերազմական գործողությունների չի հանգեցնի: «Ադրբեջանում հասկանում են, որ լայնածավալ պատերազմ սկսելու, առավել ևս` հաջողության հասնելու որևէ ռեսուրս չունեն, նաև չունեն վստահություն, որ կարող են այդ պատերազմի դրական ընթացքն ապահովել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց դա ապացուցող մի քանի գործոններ: «Ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, որ, լավ պատրաստված լինելով, Ադրբեջանը չկարողացավ առավելության հասնել և որոշակի խնդիրներ լուծել: Բացի այդ` այս տարի մի քանի անգամ դիվերսիոն ներթափանցման փորձեր ձեռնարկեց, և մենք տեսանք, թե որքան օպերատիվ բացահայտվեցին դրանք: Ադրբեջանը հասկանում է, որ ուժերի` նման հավասարակշռության պայմաններում չի կարող լայնածավալ պատերազմ սկսել և հաջողության հասնել: Դրան գումարվում են Ադրբեջանի ներքին խնդիրները, որոնք չափազանց շատ են»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով հունիսի 17-ի սահմանային միջադեպի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը՝ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Համանախագահների կոչերն ուղղված էին երկու կողմերին, և եթե համեմատելու լինենք համանախագահների վերջին երկու հայտարարությունների հետ, պետք է փաստենք, որ եթե նախորդը հօգուտ մեզ էր, ապա այս հայտարարությամբ համանախագահները «հավասարակշռել» են, ինչը հնարավորություն է տալիս ադրբեջանական կողմին շարունակելու իր այդ քաղաքականությունն առաջնագծում»:

Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին` բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով, վերաներգրավվել բանակցությունների մեջ: