կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-11 16:36
Քաղաքական

Մեր հուշագրի հիմքում երեք կարևոր արժեքներ են. Աղվան Վարդանյան

Մեր հուշագրի հիմքում երեք կարևոր արժեքներ են. Աղվան Վարդանյան

Նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը: ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել սահմանադրական փոփոխությունները, նախորդ կոալիցիոն հուշագիրը, 2 կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև ԱԺ ընտրությունների արդյունքները:

«Կոալիցիայի հիմնական գործունեության ուղղություններն են լինելու մարդը, հասարակությունը և պետությունը: Մենք ունենք բազմաթիվ արժեհամակարգային ընդհանրություններ ՀՅԴ մեր կոալիցիոն գործընկերների հետ, ինչից ելնելով` հիմա խարխսվել է այն տեքստը, որը գալիք 5 տարիների համար հիմք է լինելու երկու ազգային կուսակցությունների համագործակցության համար: Հիմք, որի վրա կառուցվել է նոր Սահմանադրությունը»,- հայտարարեց Աշոտյանը, ապա հավելեց,  որ  հիմնական պայքարի ոլորտներից են լինելու նոր Սահմանադրությունը, «Ազգ-բանակ»-ի ներդրումը, իրավական դաշտի բարեփոխումները, գործող Սահմանադրության համատեքստում մրցունակ տնտեսության զարգացումը և, իհարկե, մարդու ազատությունների և իրավունքների հետ շաղկապված ինստիտուտների զարգացման խնդիրները:

Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ այս համաձայնագիրն ընդգրկելու է 6-րդ գումարման ԱԺ-ի ամբողջ գործընթացը` մինչև 2022 թվականը:

«Երեք հիմնարար արժեքներ են դրված մեր հուշագրի հիմքում: Դրանք են` մեր անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, տնտեսության կարգաբերումն ու զարգացումը, երկրում որակական, արմատական փոփոխություններ անելու վճռականությունը»,- ընդգծեց նա:

Վարդանյանի խոսքով` ԱԺ ընտրություններից հետո մտնում ենք մի փուլ, երբ երկու կուսակցությունները ձգտելու են որակական փոփոխություններ անել և համառ աշխատանքի արդյունքում հասնել այդ  որակական փոփոխություններին: