կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-16 15:07
Քաղաքական

Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք. Աղվան Վարդանյան

Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք. Աղվան Վարդանյան

Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք. ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է հաշվառման ինստիտուտին, վիճակագրական ճշգրիտ տվյալներին, իրական եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվառմանը:

«Մենք անելիքներ ունենք երեք ուղղությամբ: Դրանցից առաջինը թաքնված զբաղվածությունն է: Մեր երկրում տասնյակհազարավոր մարդիկ կան, որոնք աշխատում են, բայց գրանցված չեն, և այստեղ լուրջ անելիքներ կան եկամուտների հավաքագրման առումով: Երկրորդ խնդիրն էլ ստվերային աշխատավարձերն են. տեսնում ենք, որ 600 000 աշխատողներից 425 000-ի աշխատավարձը մինչ 150 000 դրամի տիրույթում է, իսկ նրանց մեծ մասինն էլ` մինչև 70 000-ի տիրույթում: Այսինքն՝  իրականում ի՞նչ է կատարվում հատկապես սպասարկման, առևտրի ոլորտում. մարդուն գրում են աշխատավարձ՝ 50-60 հազար դրամի չափով, տալիս 120 000 դրամ աշխատավարձ»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ եթե չկարողանան այստեղ կարգ ու կանոն հաստատել, ստվերն անընդհատ աճելու միտում է ունենալու, որքան էլ հարկային վարչարարությունն ու Հարկային օրենսգիրքը փոփոխեն:

Երրորդ խնդիրն էլ, ըստ պատգամավորի, աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է, որտեղ սարսափելի իրավիճակ է: Վարդանյանի հավաստմամբ՝ մարդը կարող է աշխատել 10-12 ժամ և որևէ պաշտպանվածության ինստիտուտ չունենալ, ինչն էլ ուղղակիորեն կապված է նախորդ երկու խնդիրների հետ: «Սև ցուցակներով աշխատավարձ են տալիս, մարդուն աշխատեցնում են՝ չեն գրանցում, և չկա մի ինստիտուտ, որտեղ աշխատավորը կարող է իրացնել իր իրավունքները: Մենք մի համակարգ ունեինք, որը փոշիացրեցինք, և հիմա չգիտեմ՝ ինչ է նախատեսում կառավարությունն այս ուղղությամբ»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ամենակարևորը պետության պարտավորությունն է սոցիալապես  անապահով շերտերի հանդեպ և հասցեական աջակցության տրամադրումը: Այստեղ է, որ, ըստ Վարդանյանի, լուծելու խնդիր ունենք: «Դաշնակցությունը շատ վաղուց այս հարցը բարձրացրել է, նույնիսկ օրենք ենք ընդունել 10 տարի առաջ, խոսքը վերաբերում է կենսապահովման նվազագույն զամբյուղի իրական գնին, դրա արձանագրմանը և նվազագույն բյուջեի նկատմամբ պետության պարտավորությանը: Մենք ունենք կոնվենցիաներ այս առումով և նույնիսկ ասել ենք, որ պատրաստ ենք ֆիքսել այս արժեքները՝ թեկուզ խնդիր դնելով փուլային եղանակով հասնելու դրանց իրացմանը: Պետության աջակցությունն այն շերտերին, որոնք ի վիճակի չեն քիչ, թե շատ արժանապատիվ կենսամակարդակ ապահովել, պետք է հստակ և հասցեական լինի: Ահա այս հարցերն են, որոնք պահանջում են հետևողական աշխատանք»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց նաև, որ կողմնակից չէ իրավիճակային լուծումներին, հարկավոր է, բազմակողմանի քննարկումներով, միմյանց փաստարկները լսելով, գտնել այն ճանապարհները, որոնք իսկապես կհանգեցնեն սոցիալապես անապահով շերտերի կենսամակարդակի բարձրացմանը և հնարավոր փոփոխությունների ազդեցության նվազեցմանը: