Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ստորև ներկայացնում ենք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթը
Համաժողովի հարգելի մասնակիցներ, հարգարժան հյուրեր, Ողջունում եմ ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 15-րդ համաժողովում: Ուզում եմ հակիրճ ներկայացնել այն կարեւորագույն եւ առաջնային խնդիրները, որոնք լուծել ենք այս ընթացքում՝ հետեւելով ֆուտբոլի զարգացման մեր ծրագրային քաղաքականությանը: Ինձ համար հիմնական եւ ֆունդամենտալ խնդիրը իմ պաշտոնավարության բոլոր տարիներին եղել է եւ մնում է ֆուտբոլային ենթակառուցվածքների և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ազգային հավաքական թիմերի առջեւ դրվող խնդիրների իրագործման համար հիմքերի շարունակական ապահովումը:
Անցյալ տարի, երբ գումարում էինք մեր ընդհանուր ժողովը, նշեցինք, որ նախատեսվում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացումը: Այժմ հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ քաղաքում ևս ունենք ժամանակակից բորոլ պահանջներին համապատասխան ֆուտբոլային կառույց: Արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը կառուցված են նոր սերնդի տեխնոլոգիաներով և համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափորոշիչներին: Վանաձորի ակադեմիայի շահագործման արդյունքում, ինչպես Վանաձորը, այնպես էլ Լոռու ողջ մարզը կունենան ֆուտբոլի զարգացման լուրջ հեռանկարներ, մարզական կյանքը, տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու նախադրյալներ: Դրա առաջին պտուղներն արդեն տեսնում ենք՝ ի դեմս Լոռի ֆուտբոլային ակումբի, որը արդեն իսկ դիմում է ներկայացրել ՀՖՖ-ին անդամակցելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում նշել նաև, որ այս տարի նախատեսում ենք սկսել Վանաձորի Քաղաքային մարզադաշտի վերակառուցման գործընթացը: Օրեր առաջ Հայաստան այցելեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, որի հետ միասին իրականացրեցինք Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը: Արդեն այս տարի աշնանը նախատեսվում է ակադեմիայի բացումը, որը ևս մեկ քայլ կլինի արդեն Արմավիրի մարզում ֆուտբոլային կյանքի ակտիվացման, ավելի մեծ թվով երեխաների ներգրավման ուղղությամբ:
Ընթացքի մեջ է Արմավիրի ֆուտբոլի ակադեմիայի շինարարությունը, ընթացքում է նաև Սևանի և Սիսիանի արհեստական խոտածածկով խաղադաշտերի շինարարությունը: Հաշվետու ժամանակաշրջանում շահագործման են հանձնվել Չարենցավանի արհեստական խոտածածկով խաղադաշտը, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի, «Փյունիկ» «Արարատ» և «Բանանց» ֆուտբոլային ակումբների արհեստական խոտածածկով խաղադաշտերը: Ես մշտապես ասել եմ, որ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ կարող ենք նպաստել մանկապատանեկան ֆուտբոլի, ֆուտբոլային տնտեսության զարգացմանը Հայաստանում: Հենց ենթակառուցվածքների զարգմացման հետևողական ծրագրի շնորհիվ է, որ մենք կարողացանք իրավունք ստանալ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլն անցկացնել Հայաստանում: Համաժողովի հարգելի մասնակիցներ Հաշվետու ժամանակաշրջանը հակասական էր Հայաստանի ազգային հավաքականի համար: Եղան ինչպես ցավալի պարտություններ, այնպես էլ հուսադրող հաղթանակներ:
Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականն այսօր ունի նոր գլխավոր մարզիչ, որի գլխավորությամբ մեր թիմը տարել է 2 անընդմեջ հաղթանակ: Արթուր Պետրոսյանի ծրագիրը երկարաժամկետ է և հեռանկարային, իր առջև դրված նպատակները՝ պարզ և իրատեսական: Այս շրջափուլում յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար, սահուն կերպով իրականացնել ազգային հավաքականի՝ նոր ֆուտբոլիստներով համալրման գործընթացը, ստեղծել մարտունակ և իր առջև բարձր խնդիրներ դնելու ունակ ազգային հավաքական: Ես հուսով եմ ու նաև վստահ, որ հենց Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մեր հավաքականը կարող է լուծել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու խնդիրը, որը մեր բոլորիս վաղեմի երազանքն է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ապահովել է եւ միշտ ապահովելու է միջազգային ասպարեզում հաջողությունների հասնելու բոլոր նախադրյալները: Այդ առումով շատ եմ կարևորում համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որը նշանավորվեց նաև 2016 թ. երկու ֆեդերացիաների միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումով: Այն մեզ հնարավորություն կտա ընդլայնել համագործակցությունը ոլորտում հաջողություններ գրանցած ֆեդերացիայի հետ, կազմակերպել ավելի շատ ընկերական խաղեր ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների համար և ակտիվացնել փորձի փոխանակման գործընթացը: Մեր քաղաքականության մեջ կարեւոր դեր է հատկացված նաև միջազգային կրթական եւ վերապատրաստման ծրագրերում ներգրավված լինելուն: Այս ուղղությամբ եւս կատարված է մեծ ծավալի աշխատանք: Այս ընթացքում մեր մարզիչները մասնակցել են ՈՒԵՖԱ-ի՝ մարզիչների գիտելիքների փոխանակման միջազգային ծրագրերին, մարզչական կրթության սեմինարների, իրականացվել են մարզչական արտոնագրերի տրամադրման գործընթացները բոլոր մակարդակներով:
ՀՖՖ աշխատակիցները մասնակցել և մասնակցում են ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրերի՝ ֆուտբոլի կառավարման ասպարեզում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է նաև մասսայական ֆուտբոլի զարգացման իր ծրագրերը: Կարևորելով մասսայական ֆուտբոլի զարգացումը՝ մենք այն համարում ենք հարթակ, որտեղից սկսում է ճանապարհը դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Համաժողովի հարգելի մասնակիցներ Ինչպես գիտեք, ես երբեք բավարարված չեմ զգացել կատարված աշխատանքներով և միշտ ձգտել եմ ավելիին: Մենք շարունակելու ենք իրագործել մեր ծրագրային քաղաքականությամբ նախատեսված բոլոր խնդիրները նաև առաջիկայում: Շնորհակալություն: