Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սփյուռքի նախարարությունում էր` նշելու նախարարության 5-ամյակը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանն այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
«Հինգ տարի առաջ Սփյուռք-Հայաստան կապերին նոր որակ հաղորդելու նպատակով ստեղծվեց պետական կառավարման այս մարմինը՝ Սփյուռքի նախարարությունը, որի խնդիրն էր համագործակցելով մեր դիվանագիտական ծառայության, ասել է թե՝ Արտաքին գործերի նախարարության և սփյուռքյան կառույցների հետ, նպաստել հայապահպանությանը, օժանդակել հայրենադարձությանն ու նպաստել Սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ հայ ժողովրդի: Եվ ուրախ եմ, որ այս ժամանակահատվածում Սփյուռքի նախարարությունը դարձել է այդ աշխատանքի հիմնական օղակը: Այժմ նախարարության միջոցով ենք իրականացնում հայապահպանությանը նպաստող բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են մեր ազգային ինքնության պահպանմանը, մայրենի լեզվի և հայ մշակույթի տարածմանը, հայկական ավանդույթների պահպանմանը»,-ասել է նախագահը, հավելելով`
«Սփյուռքի նախարարությունը ոչ միայն կայացել է, այլև դարձել է զարգացող և հեռանկարային կառույց, որը լծված է հայության օրակարգային խնդիրների լուծմանը: Այս կառույցն է այն շաղախը, որ կապում է Սփյուռքը Հայրենիքին, ամրացնում և ուղղորդում է այդ կապը: Նախարարությունն իր 5-ամյա գործունեությամբ ապացուցեց Սփյուռքի հետ հարաբերությունների համակարգման և պետության հետ առնչությունների կենտրոնացման նպատակահարմարությունը։ Այս տարիների աշխատանքի արդյունքում ստեղծվել է փոխըմբռնման, վստահության և համագործակցության բարենպաստ մթնոլորտ համայն հայության ներուժը մեկտեղելու, Հայաստան հայրենիքը հզորացնելու և Սփյուռքը հայ պահելու համար»:
Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցների՝ երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար և մեր մի խումբ հայրենակիցների` Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահը հանձնել է ՀՀ պետական բարձր պարգևներ և ՀՀ Նախագահի շնորհակալագրեր: