կարևոր
5542 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-21 14:35
Քաղաքական

Գյուղատնտեսությունը գրավիչ չէ մեր երիտասարդության համար, այն պետք է հեռանկարային թվա նրանց. Գառնիկ Դանիելյան

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանի ելույթը ԱԺ–ում։

Սիրելի հայրենակիցներ, այսօր անդրադառնալու եմ Հայաստանի կարևորագույն ոլորտներից մեկին՝ գյուղատնտեսությանը և նրա հիմնախնդիրներին։

Հատկապես հիմա, երբ մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները, այս ոլորտը պահանջում է առավելագույն ուշադրություն և հոգատարություն։

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ թանկացել են պարարտանյութերն ու թունաքիմիկատները, դժվարացել է սերմնացուների ձեռքբերումը։

Ներկրողները բարձրաձայնում են, որ մաքսազերծման և ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել Սննդի անվտանգության տեսչական մարմնի որոշման պատճառով, ըստ որի՝ թունաքիմիկատները պետք է ներկրել հենց արտադրող երկրում գրանցված կազմակերպությունից։

Այս ամենի արդյունքում՝ արգելվել է մի քանի բեռնատարների մուտքը Հայաստան։ Ներկրող ընկերությունները ահազանգում են, որ իրենց տեղյակ չեն պահել որոշման մասին։ Եվ հիմա, երբ ապրանքը պատվիրված է, կանգնած են փաստի առաջ։

Սա հանգեցնելու է արհեստական թանկացման, ներկրող ընկերությունների շրջանում՝ ֆինանսական խնդիրների, ընդհուպ՝ սնանկության։

Թանկացել է նաև դիզվառելիքը՝ ֆինանսական մեծ վնասներ հասցնելով գյուղացիներին և ֆերմերներին։ Այս ամենի արդյունքում, անխուսափելի է գյուղմթերքի գնի բարձրացումը։

Ինձ անչափ մտահոգում է ՀՀ տարածքում առկա հազարավոր չոռոգվող ու անջրդի հողատարածքների հարցը։

Պետք է մշակվի հստակ ռազմավարություն, ձեռնարկվեն միջոցառումներ՝ առաջիկա տարիներին անջրդի հողատարածքները նվազեցնելու, ներկայումս չոռոգվող հողատարածքների լիարժեք ոռոգումն ապահովելու ուղղությամբ։

Նշեմ, որ միայն Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության վարելահողերը կազմում են 25․485 հա, որից ոռոգվող են 3․759 հա-ն։

Վերջերս հարցում էի ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ կապված Տավուշի մարզի Դեղձավան գյուղի մերձակայքում շուրջ 200 հա անջրդի հողատարածքների մասին։ Ոռոգումը վերականգնելու համար անհրաժեշտ է խողովակների, ներքին ցանցի վերազինում։

Տավուշի մարզի Չինարի և Այգեձոր համայնքների բնակիչները ևս ահազանգել էին, որ համայնքում առկա է ջրամատակարարման խնդիր, ինչի արդյունքում տնամերձ հողակտորներ մնացել են առանց ոռոգման։

Պարզվեց, որ ընդամենը խողովակաշարի սկզբնամասում անհրաժեշտ է կառուցել մարիչ հոր՝ խողովակների անխափան շահագործման համար։

Ցավալին այն է, որ շատ հաճախ հողատարածքներ չեն ոռոգվում այսպիսի նյութատեխնիկական խնդիրները անուշադրության արժանացնելու պատճառով։

Անջրդի հողատարածքների հիմնահարցի հետ փոխկապակցված է նաև ջրային ռեսուրսների կառավարումը, ինչը ՀՀ-ում իրականացվում է ոչ պատշաճ կերպով։ Մինչդեռ, առկա ջրային ռեսուրսների արդյունավետ գնահատման և կիրառման դեպքում կունենայինք ավելի շատ ոռոգվող հողատարածքներ։

Գյուղատնտեսության հաջորդ ոլորտը, որին կուզենամ անդրադառնալ, խաղողագործությունն է։

Պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքի և պետական վերահսկողության բացակայության պատճառով տնտեսության այս ճյուղը, ցավոք, վերացման եզրին է։ Վերջին շրջանում խաղողագործների հետ հանդիպումների արդյունքում վերահաստատեցի այս մտավախությունը։

Մտահոգիչ է այն, որ Էկոնոմիկայի նախարարությունը խաղողագործներին աջակցելու փոխարեն առաջարկում է քանդել այգիները, տնկել այլ տեսակի ծառեր, իսկ եթե ձեռք չի տալիս՝ զբաղվել այլ աշխատանքով։

Ամիսներ շարունակ իմ ուշադրության կենտրոնում եմ պահել և բարձրաձայնել Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների հարցը։ Երբեմն բեռնատարների հերթը գերազանցում էր 10 կմ-ը։

 Թե բեռնատարի վարորդները, թե բեռնատարների տերերը, և թե գյուղատնտեսությունը այս ամենի արդյունքում ահռելի վնասներ են կրել։

Բազմաթիվ գյուղացիներ ահազանգում էին, որ մեծ վնաս է հասցվել խաղողագործությանը, ջերմոցային տնտեսություններին։

Թշնամու դիրքային առաջխաղացումից հետո շատ համայնքներում նվազել են ցանքսատարածությունները՝ գյուղացուն թողնելով առանց ապրուստի միջոցի։

Պաշտոնական վիճակագրությունից տեղեկանում ենք նաև, որ վերջին երեք տարիներին Հանրապետությունում տասնյակ հազարներով նվազել է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։ Անասնաբուծությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից է և միջոցներ չձեռնարկելու դեպքում՝ կշարունակենք անկում արձանագրել նաև այս ոլորտում։

Հարկ է նշել, որ գյուղատնտեսական կենդանիների մոտ անկում գրանցվելու դեպքում հաճախ չի հայտնաբերվում որևէ հիվանդություն՝ լաբորատոր հետազոտության ոչ պատշաճ իրականացման, լաբորատորիաների թերի հագեցվածության, փորձանմուշի, լուծույթի բացակայության պատճառով։

Մինչդեռ, նման խնդիրների արդյունքում տուժում են ֆերմերային տնտեսությունները։

Ահռելի վնասներ է կրում գյուղացին՝ հակակարկտային միջոցների սակավության պատճառով։

Ողջ ՀՀ տարածքում տեղադրված է ընդամենը 628 գազագեներատորային հակակարկտային կայանք։ Սա չափազանց քիչ թվաքանակ է։ Բացի այդ, հայտնի չէ, թե գազագեներատորային հակակարտային կայանքները որքանով են արդյունավետ։

Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ այս տիպի կայանքները իրենց չեն արդարացնում, դրանք պետք է փոխարինվեն նոր, ավելի ժամանակակից հակակարկտային կայանքներով, ինչպիսիք են՝ օդանավայինը, հրթիռայինը։

Հաշվի առնելով շատ երկրների փորձը, մի շարք մասնագետներ կարևորում են նաև ցանցապատման և ապահովագրության կիրառումը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել և չափել նաև այս մեթոդների արդյունավետությունը։

Այս տարի անտառամերձ շրջանի բնակիչներին չի տրամադրվել իրենց հասանելիք թափուկ վառելափայտը։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ պատճառը գարնանային ստուգումների արդյունքում արձանագրվող մեծ թվով ապօրինի հատումներն են։

Ստացվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ՝ այդ թվում՝ սոցիալապես անապահով, բավականին երկար ժամանակով զրկվում են տաքանալու միակ միջոցից։

Այս պահին մարդկանց հուզող առաջնային խնդիրներից մեկը գյուղատնտեսական տեխնիկայի և մեքենաների շահագործման թույլտվության հարցն է։

Համայնքներում մարդիկ չեն կարողանում շահագործել իրենց տրանսպորտային միջոցները՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով։ Վերջին շրջանում բազմիցս նշել եմ, որ անհրաժեշտ է համայնք առ համայնք հաշվառել գյուղատնտեսական տեխնիկան և տրանսպորտային միջոցները։
Խնդիրը չլուծելու դեպքում գյուղատնտեսական աշխատանքները կաթվածահար կլինեն։

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հատկապես սահմանամերձ բնակավայրերի վրա։ Պատերազմից և զիջումներից հետո դրանց մի մասը մնալով առանց բնագծերի՝ հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Հասկանում ենք, թե որքան է բարդացել և ինչ ռիսկեր է պարունակում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը այսպիսի համայքներում։

Սահմանամերձ համայնքները պետք է մշտապես մեր հոգածության ներքո լինեն, այստեղի բնակիչը պետք է զգա մեր աջակցությունը։

Վերջին օրերին էլ հայտնի դարձավ ՀՀ-ից ՌԴ Կաթնամթերքի արտահանման սահմանափակման մասին։ Մինչ այդ, «Ռոսսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից արտահանվող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել։

Ըստ ռուսական կողմի՝ պետական պատշաճ վերահսկողությունը թույլ է, ինչի հետևանքով առաջանում են այսպիսի խնդիրներ։ Հայաստանից հակադարձում են՝ արգելքը համարելով ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ։

Ինչևիցե, պետական մարմինները, մասնավոր ընկերություններ իրականացրին հետազոտություններ՝ պարզելով, որ խախտումներն իսկապես առկա են։ Այս պարագայում, պետությունը բանակցություններից զատ, պետք է քայլեր ձեռնարկի՝ կոնկրետ ժամկետներում վերացնելով խախտումները։ Եթե այսպիսի քայլերից հետո խնդիրը չլուծվեց, ուրեմն հարցն իսկապես այլ ենթատեքստ ունի։

Փողոցային առևտուրն արգելելուց զատ, պատկան մարմինները պետք է գյուղացուն այլընտրանք առաջարկեն, որպեսզի կարողանա առանց խոչընդոտների իրացնել գյուղմթերքը՝ լուծելով ապրուստի խնդիրը։ Այս առումով, անչափ կարևորում եմ գյուղատնտեսական շուկաների ավելացումը։

Անչափ մտահոգիչ է, որ գյուղատնտեսությունը՝ երկրի տնտեսության ամենից կարևոր ճյուղերից մեկը, գրավիչ չէ մեր երիտասարդության համար։ Այդ մասին է վկայում Հայաստանի ագրարարային համալսարան դիմորդների տարեցտարի նվազող թիվը։ Վերջին ուսումնական տարում 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել։ Սա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Գյուղատնտեսությունը, դրան առնչվող ոլորտները պետք է նորից հեռանկարային թվան երիտասարդությանը։ Մեզ մասնագետներ են պետք։

Թվարկացածս հիմնախնդիրները, ցավոք, բոլորը չեն։ Սակայն, ինչպես նշել եմ պատգամավորական մանդատս ստանձնելիս՝ գյուղատնտեսությունը մշտապես իմ թիրախում և մշտադիտարկման տակ լինելու։ Այս ոլորտը պահանջում է գիտելիքներ, հոգատարություն, նվիրվածություն։ Պատկան մարմիններին չի ներվելու ոչ կոմպետենտ, անտարբեր վերաբերմունքը։