կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-06 17:01
Իրավական

Վալերի Պերմյակովը ՌԴ չի տեղափոխվել. դատախազություն

Վալերի Պերմյակովը ՌԴ չի տեղափոխվել. դատախազություն

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ՌԴ չի տեղափոխվել: Այս մասին Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2017թ-ի ապրիլի 18-ին օրինական ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար դատապարտված Վալերի Պավելի Պերմյակովի վերաբերյալ դատավճիռը:

Հայտնի է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ դատախազն իրավունք ունի հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց:

Հաշվի առնելով վերը նշված օրենքի պահանջն ու գործի՝ հանրային հնչեղությունը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված հարցմամբ հետաքրքրվել էինք, թե Վալերի Պերմյակովի վերաբերյալ քննված քրեական գործի նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազն արդյո՞ք դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան հարցում կատարել է ՌԴ իրավասու մարմնին՝ պարզելու, թե ո՞ր քրեակատարողական հիմնարկում է պատիժը կրելու Վ. Պերմյակովը:

Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին հետևյալը. «Գործող օրենսդրության համաձայն՝ այլ պետության որևէ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու հարցի պարզումը դուրս է ՀՀ գլխավոր դատախազության լիազորություններից»:

Պերմյակովի վերաբերյալ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո ռուսաստանյան լրատվամիջոցները պարբերաբար հիշեցնում են, որ Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում: Հայաստանյան հանրությունն էլ իր հերթին իրավասու մարմիններին հիշեցրեց հայկական կողմի թերացման մասին:

Այն, որ Վ. Պերմյակովն իր պատիժը կրելու է ՌԴ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, վաղուց ակնհայտ էր: Պերմյակովի՝ ՌԴ-ում պատիժը կրելու հողը ռուսական կողմը նախապատրաստել էր Պերմյակովին ձերբակալելման պահից սկսած՝ հայկական կողմի թողտվությամբ: Ժամանակին հայկական կողմի անգործության արդյունքում տապալվեց Պերմյակովին Հայաստանին հանձնելու գործընթացը, իսկ այսօր նրան՝ ՌԴ տեղափոխելն ընդամենն այդ գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Սակայն հայկական կողմը դեռևս չի շտապում հայտարարել Պերմյակովի տեղափոխման մասին:

 ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվում է Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 23-ին Վալերի Պերմյակովը մեղավոր էր ճանաչվել առանձնակի դաժանությամբ կատարած սպանության՝ զուգորդված՝ ավազակությամբ, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու փորձ կատարելու համար և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Իսկ 2015թ-ի օգոստոսի 12-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանի վճռով Պերմյակովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու համար: