կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 14:05
Տնտեսական

Հայաստանից արդեն արտահանվել է ավելի քան 3000 տոննա ծիրան

Հայաստանից արդեն արտահանվել է ավելի քան 3000 տոննա ծիրան

Ծիրանի մթերումը մեկնարկել է մոտ մեկ շաբաթ առաջ, եւ այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է արդեն ավելի քան 3000 տոննա ծիրան: Մթերումներն ինտենսիվորեն շարունակվում են, եւ «Սպայկան» մտադիր է իր պլանային մթերումների ամբողջ ծավալներն իրականացնել, նույնիսկ գերակատարել անցյալ տարվա ցուցանիշը. առնվազն 2.5-3 հազար տոննա ծիրան դեռ կարտահանի ընկերությունը. լրագրողներին այսօր տեղեկացրեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը:

 

Ըստ նրա` կարկուտը վնաս է հասցրել հիմնականում Արմավիրի մարզի այգիներին, բայց այնտեղ, ուր կարկուտ չի եղել, բերքը շատ լավ որակի է եւ արտահանման ենթակա: Բաղդասարյանը հույս հայտնեց, որ մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինի:

 

Բանախոսն անդրադարձավ գյուղացիների բողոքներին մթերումների ու գյուղատնտեսական արտադրանքի մթերման գների վերաբերյալ եւ ասաց, որ, սովորաբար, երբ մեկնարկում է ծիրանի մթերման սեզոնը, անհատ ձեռներեցներ` արտահանողներ, փորձում են այդ ընդհանուր աժիոտաժի վրա սպեկուլյատիվ գներ թելադրել եւ տարբեր ֆերմերների իրենց կողմը քաշել: Անհատ արտահանողները խոստացել էին, որ կմթերեն շուկայականից բարձր գներով, իսկ հետո դրժել էին իրենց խոստումը` ֆերմերներին կանգնեցնելով փաստի առջեւ:

 

«Իրականում կա շուկա, կա մթերման գին, եւ մի բան է մթերում իրականացնել այստեղ, այլ բան է այդ ապրանքը կարողանալ արտահանել ու իրացնել արտասահմանյան շուկայում: Իրականում հայկական ծիրանը մրցունակ է այն դեպքում, երբ այստեղ այն մթերվում է ամենաշատը 300-350 դրամի սահմաններում: Այդ դեպքում անսահմանափակ կարելի է մթերել եւ իրացնել: Որովհետեւ արտահանման համար այլ գործառնական ծախսեր էլ են ավելանում` փաթեթավորում, տրանսպորտ եւ այլն, եւ գինը նաեւ պետք է մրցունակ լինի արտասահմանյան շուկաներում: Երբ գինը բարձրանում է, մեխանիկորեն ավելանում են լրացուցիչ ռիսկեր: Մեզ պես կազմակերպությունները կարողանում են այդ ռիսկերը կառավարել, իսկ անհատներըն այն պահին, երբ դրսի շուկաներում լճացում է լինում, անմիջապես հետ են կանգնում իրենց այստեղի պայմանավորվածություններից»,- ասաց «Սպայկայի» ներկայացուցիչը:

 

Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի, ընդհանուր առմամբ, ավելի քան 13 հազար տոննա ծիրան է արտահանվել Հայաստանից: Ներկայումս «Սպայկան» ծիրան մթերում է 400-500 դրամով` մեկ կիլոգրամը: Իսկ մթերման գները համեմատել նախորդ տարիների գների հետ, բանախոսը ճիշտ չի համարում, քանի որ կա մթերող կազմակերպություն, որը պետք է հաշվարկի, թե ինչ գնով է ինքը վաճառելու իր մթերած ապրանքը:

 

«Հայաստանի բոլոր արտահանողները գործ ունեն մեծածախ առեւտուր անողների հետ: Եվ երբ ասում են, որ, օրինակ, ռուսական խանութներում հայկական ծիրանը վաճառվում է 150 ռուբլով` մոտ 4 դոլարով, դա մանրածախ գինն է. այստեղի մթերողները այդ գնով չեն վաճառում, այլ մեծածախ շուկաներում` մեծածախ գներով: Այս պահի դրությամբ հայկական ծիրանը արտերկրում վաճառվում է 750-800 դրամի կարգի արժեքով»,- տեղեկացրեց Կարեն Բաղդասարյանը:

 

Մթերվող ապրանքների գնային սանդղակի մասին էլ նշեց, թե ե’ւ որակի մասով, ե’ւ տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնելով, ե’ւ մթերվող ապրանքի ծավալներով պայմանավորված,  միեւնույն ապրանքի մթերման համար կարող են լինել տարբեր գներ:

 

Լրագրողներին հարցին` կապված մթերումների դիմաց գյուղացիներին վճարումներն ուշացնելու խնդրի հետ, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց, թե ընկերությունն իր բոլոր պարտավորությունները կատարել է արդեն` նշված ժամկետներում եւ պատշաճ կերպով: Այս պահի դրությամբ, ինչպես հավաստիացրեց բանախոսը, ընկերությունը որեւէ պարտավորություն չունի: Իսկ ներկայումս իրականացվող մթերումների դիմաց վճարումները կատարվում են տեղում` կանխիկ:

 

Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ կարտոֆիլի մթերումների հետ կապված մանրամասներ` նշելով, որ այս տարի առաջին անգամ «Սպայկան» սկսել է թարմ կարտոֆիլի մթերումներ իրականացնել` կիլոգրամը 100-150 դրամով: Իսկ հին կարտոֆիլի մթերումը, անկեղծացավ բանախոսը, ընկերության համար, տնտեսական առումով, շահավետ չէ, քանի որ մեկ կիլոգրամ կարտոֆիլի համար ընկերությունը ստանում է 2-3 դրամի շահույթ, երբեմն նույնիսկ շահույթ էլ չի ստանում, պարզապես այդ մթերումները կատարել են` Հայաստանում արտադրված եւ կարտոֆիլի լճացման հարցում ֆերմերներին օգնելու եւ ավելացած խմբաքանակը վաճառելու համար: