Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մարզային, համայնքային, գյուղական նշանակության ճանապարհների խնդիրների լուծման վերաբերյալ: Նա հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` տասնօրյա ժամկետում, որպես պիլոտային ծրագիր, կառավարության աշխատակազմին ներկայացնել տեսլական սահմանամերձ համայնքների ճանապարհների խնդիրները լուծելու վերաբերյալ:
Հանձնարարվեց ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել այդ ճանապարհների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները և ներկայացնել առաջարկություններ, գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները ու կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ դրանց վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները: Վարչապետը նաև հանձնարարեց ակտիվացնել կատարվող աշխատանքները խոշոր ճանապարհային ծրագրերում ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Վարչապետի խոսքով` ճանապարհաշինարարությունը շատ դանդաղ է ընթանում: «Ժամը հինգից հետո պերեկուր են անում, աշխատող չկա: Կոշտ, շատ կոշտ պետք է վերաբերվել: Ամեն անգամ գնում, տեսնում եմ` ժամը հինգից հետո աշխատող չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն է, բայց էդ պայմանագիրն այնպես կազմեք, որ մենք հետևենք: Ես մեկ անգամ այդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ է: Եթե այսպես են աշխատում, ժամկետը նվազեցրեք: Որևէ աշխատանք չի կատարվում: Նախ և առաջ` կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամրջից դուրս կատարել և բերել, տեղադրել: Մարզպետները չափազանց կոշտ իրենց տարածքներում պետք է խնդիրը դնեն»,- ասաց Կարեն Կարապետյանը: