կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 13:11
Առանց Կատեգորիա

Մարդ, ում համար ժամանակը մի քիչ ավելի դանդաղ է ընթանում

Մարդ, ում համար ժամանակը մի քիչ ավելի դանդաղ է ընթանում

Օրեր առաջ «Retro café»-ում երիտասարդ լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը ներկայացրեց իր առաջին` «Իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էր նկարչի շուրջ 30 աշխատանք, որոնք 3 ոճով էին արված` ռեպորտաժային ավանգարդ, նյու եւ բնապատկերներ:

 

Էմինը պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 4-5 տարի առաջ, իսկ լուսանկարչության գաղտնիքները սովորել է Մոսկվայում, որտեղ նաեւ աշխատել է որոշ ժամանակ:

 

-Մետալ երաժշտության հանդեպ սերը, կարծես, խոր արմատնե՞ր ունի, քանի որ դրա արտացոլումը կար լուսանկարներում:

-16-17 տարեկանից եմ սկսել մետալ ժանրի երաժշտություն լսել, որը նաեւ իր ազդեցությունն է թողել իմ ստեղծագործությունների վրա` գունային գամմայի, փիլիսոփայական տարրերի առումով: Մետալային երաժշտությունը ձեւավորում է մարդուն, եւ դրա ազդեցությունն անխուսափելի է: Առանձնահատուկ սեր եւ հետաքրքրություն ունեմ` ռոք ու մետալ համերգներ նկարելու, քանի որ այդ համերգների էներգետիկան շատ ավելի ուժեղ եմ զգում եւ ճիշտ արտահայտում, որովհետեւ դրանք ինձ հոգեհարազատ են:

 

-Լուսանկարներում գերիշխում էին գորշ գույները, բայց չեմ կարծում, որ դա միայն ռոքի հետ է կապված, այդպես չէ՞:

-Այո, գորշ գույներ նախընտրելն իմ բնույթից է գալիս. ես մի քիչ մելանխոլիկ եմ: Ես մարդ եմ, ում համար ժամանակը մի քիչ ավելի դանդաղ է պտտվում, քան սովորական կյանքի ռիթմը: Կյանքի հանդեպ իմ ունեցած փիլիսոփայությունն էլ է դրա մեջ արտահայտված. մռայլությունը չարություն չէ այս դեպքում, ուղղակի կյանքն այդ գույների մեջ եմ տեսնում:

 

- Ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը կի՞նդ է:

- Ընդհանրապես, կյանքում իմ ներշնչանքը կինս է, եւ ինքն էլ իմ գործերի մռայլ գույների ավելացնողն է, քանի որ Հայաստանում գոթական ոճի ուղղվածության ամենալավ գիտակներից եւ զարգացնողներից մեկն է` դիզայնի, հագուստի առումով: Նա նաեւ մոդել է: Շատ գաղափարներ եւ հետաքրքիր մտքեր հենց նա է ինձ տալիս, քանի որ գույնի եւ կադրի լավ ընկալում ունի:


-Նոր ոճ տեսա լուսանկարներում` նյու.  նրբի եւ գռեհիկի սահմանն անցնելու վախ չկա՞:

- Նյուն` nu, գալիս է «մերկ մարմին» բառից: Nu-ն սկսեցի այս տարի, եւ ընդհանրապես միտք չունեի ցուցահանդեսին ներկայացնել նկարներս, ուղղակի ցանկություն կար այդ ոճի մեջ էլ աշխատել, նորություն փորձել, բայց արձագանքները բավականին լավն էին: Յուրաքանչյուրն ունի իր սահմանը` նրբության եւ գռեհկության, եւ յուրաքանչյուրն իրենն է ուզում փոխանցել` չնայած մոդելից շատ բան է կախված: Դու կարող ես նույն դիրքով նկարել մի քանի մոդելների, բայց մեկը ավելի սեքսուալ կստացվի, մյուսը մաքրություն կարող է փոխանցել` նայած, թե մարդուց ինչ է բխում: Ես սիրում եմ մարդու մարմնի հետ աշխատել: Դա նմանեցնում եմ այն տեսարանին, երբ քանդակագործը փորձում է կավից պատկեր կերտել, քանի որ նույն կերպ էլ դու մարդու մարմնի հետ ես աշխատում` գծերն ավելացնելով, կորությունները խորացնելով: Դա պահանջում է հանգիստ, երկար, համբերատար աշխատանք: Դու մոդելին առաջին անգամ ես տեսնում, բայց միանգամից կոտրվում են շատ պատնեշներ, քանի որ պաշտպանիչ շերտը` հագուստը, չկա: Հոգեբանական առումով շատ հետաքրքիր է` միանգամից ընկերանում ես մարդու հետ, նկարահանման ընթացքում նա քեզ կարող է այնպիսի գաղտնիքներ ասել, որ ոչ մեկին չէր վստահել մինչ այդ. դու որոշ չափով նաեւ հոգեբան ես դառնում տվյալ մարդու համար:

 

-Ի՞նչ թեմատիկ շարքեր ունես:

-Ռեպորտաժային շատ լուսանկարներ ունեմ` ներկայացումներ, համերգներ, աստղային ֆոտոսեսիաներ: Սակայն այդ ամենը չուզեցի ցուցահանդեսին ներկայացնել, որ շատ բազմազան չլինի, որ մարդիկ չվազվզեն եւ վերջում այդպես էլ չհասկանան, թե ինչ տեսան:


-Լուսանկարչությունը որքանո՞վ է զարգացած մեզ մոտ: Կարծես թե վերջին շրջանում զարգացման տեմպերն արագացել են, համաձա՞յն ես:

- Զարգացում կա, ինչն ուրախացնում է ինձ: Այն, որ զարգացման տեմպերն աճել են, անխոս, սակայն, մյուս կողմից, մեծ թափ է առնում նաեւ հակառակը` ամեն մարդ, ով ունի ապարատ, իրեն լուսանկարիչ է համարվում եւ իր խոսքում անպայման նշում` դե, ես արդեն քանի տարի է` լուսանկարիչ եմ: Հիմա մոդա է` լինել լուսանկարիչ եւ 5000 դրամով նկարել 150 նկար, 10 000 դրամով` հարսանիքներ: Լուսանկարիչը պետք է անհատականություն լինի եւ ասելիք ունենա, եւ այս դեպքում, եթե անգամ տեխնիկայի առումով ինքը կաղում է, նկարները լավը կլինեն, բայց եթե դու ուղղակի լուսանկարչության կանոններով ինչ-որ բան նկարես, ոչինչ չի ստացվի: Հայաստանում թիվ մեկ լուսանկարիչն ինձ համար Արվին Քոչարյանն է:

 

-Մեր օրերում «կողքից գործ» անելն ուղղակի պարտադիր պայման է դառնում նորմալ ապրելու համար. հարսանիք, ծնունդ, կնունք նկարո՞ւմ ես:

-Շատ քիչ: Վերջին 5 տարվա ընթացքում նկարել եմ 3-4 հարսանիք: Նախ ինձ չեն էլ կանչի հայկական «քյառթու» հարսանիք, ծնունդ նկարելու, ես սեր չունեմ ռեստորանային «տաշի-տուշի» վիճակների հետ: Իսկ նրանք, ինչ նկարել եմ, եղել են յուրահատուկ բաներ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ