կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-16 12:54
Տնտեսական

Լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատվեց

Լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատվեց

Կառավարության նիստում  գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հաստատման ներկայացրեց հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90%-ն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով կտրուկ ավելանում է նորոգումների և տեխնիկական սպասարկումների ծախսը, որպես հետևանք` բարձրանում են նաև ծառայությունների սակագները:

Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, առավել ևս` որակական առումով: Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79.0 %:

Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10.0 - 12.5 տոկոսի չափով, մինչդեռ` 1992 թվականից ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է, որպեսզի առավելագույնս ժամանակակից պայմաններ ստեղծի  գյուղատնտեսության զարգացման համար:

 «Մենք պետք է հստակ հասկանանք և իմանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրներ չլուծենք, մենք այնտեղ ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու: Հստակ հասկանում ենք, թե ոնց ենք անում, և երկրորդը` 2,2 միլիարդով չենք սահմանափակվում, եթե լիզինգի հնարավոր գումարները ցանկացողների թիվը շատ լինի, մենք անպայման ռեսուրս կգտնենք»,- ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց գյուղնախարարին` լինել առավելագույնս ուշադիր: Նրա խոսքով` ներկայացվող որոշումն ընդունելուց հետո անգամ չպետք է հանգստանալ և թողնել ինքնահոսի, այլ մարզպետները, գյուղնախարարությունը պետք է համայնքներում զբաղվեն իրազեկման բարձրացմամբ` ուղեկցելով գործարք արած գյուղատնտեսին:

Ըստ նախագծի` ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման` գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նորացնելու հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 1.0-2.0 տոկոսը, սակայն նաև նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ իրականացնել տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրեր, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար: