Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարությունը հաստատեց 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Ներկայացնելով հիմնական թվերն ու ուղղությունները` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ, մասնավորապես, 2014 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նոմինալ 6.9 տոկոս աճ, շուրջ 10 տոկոս նոմինալ աճ` 2015 թվականին եւ շուրջ 11 տոկոս` 2016 թվականին: Այս աճերի պարագայում ենթադրվում է, որ պետական բյուջեի եկամուտների գումարը 2014 թվականի համար կկազմի 1 տրիլիոն 146 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23.63 տոկոսը:
Ընդ որում`113 միլիարդ դրամով ավելացումը` 2013 թվականի համեմատ, մեծ մասամբ շուրջ 110 միլիարդ դրամով, տեղի է ունենալու հարկային եկամուտների հաշվին:
«Նմանատիպ աճեր 2015 եւ 2016 թվականներին նույնպես նախատեսված են` 116 միլիարդ հարկային եկամուտների աճ 2015 թվականին եւ նմանատիպ սկզբունքով հաշվարկ` նաեւ 2016 թվականի համար: Հիմնական սցենարը, որ դրված է` հարկերի հավաքագրման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կաճի միջինը 0.3 տոկոսի չափով: Ըստ այդմ` նաեւ ծրագրավորված են պետական բյուջեի ծախսերը, որոնք 2014 թվականի համար կկազմեն 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 25,93 տոկոսը, կամ 2013 թվականի համեմատ աճը կկազմի շուրջ 105 միլիարդ դրամ: Նմանատիպ ծախսերի ծրագրավորում արված է նաեւ 2015 եւ 2016 թվականների համար»,- ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:
Նա նշեց, որ առաջիկա երեք տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագրում պարունակվող հիմնական շեշտադրումները վերաբերում են երկու խոշոր ծախսային հոդվածներին: Առաջինը աշխատավարձերի բարձրացումն է, քանի որ ենթադրվում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից հանրային բոլոր բնագավառներում տեղի կունենան աշխատավարձերի բարձրացումներ` տարբեր չափերով, որը կկազմի շուրջ 51 միլիարդ դրամի ծախս: Դրանից բացի, քանի որ հունվարի 1-ից սպասվում է նաեւ նվազագույն աշխատավարձերի բարձրացում մինչեւ 50 հազար դրամ, ապա եւս 10 միլիարդ դրամ կուղղվի այդ աշխատավարձերի բարձրացմանը:
«Ընդհանուր առմամբ` մենք ունենք 240 միլիարդից ավելի աշխատավարձի ֆոնդ, որը վճարվում է պետության կողմից: Աճը հաջորդ տարի կկազմի 60 միլիարդ կամ շուրջ 40 տոկոս: Բայց դա միջինացված է, քանի որ տարբեր սանդղակներով, տարբեր աշխատատեղերի համար ու տարբեր սկզբունքներով են կատարվելու»,- նշեց ֆինանսների նախարարը:
Ծախսերի ավելացման հաջորդ խոշոր ուղղությունը կենսաթոշակներն են լինելու: Մի կողմից շուրջ 20 միլիարդ դրամ լրացուցիչ ծախսեր են նախատեսվում` պայմանավորված հանգամանքով, որ 2014 թվականի ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշումը, որով քաղաքացիները պարտավոր են իրենց եկամտի 5 տոկոսի չափով գումար փոխանցել իրենց անձնական հաշիվներին, որպես ապագա կենսաթոշակ, իսկ պետությունը եւս 5 տոկոսի չափով մասնակցելու է այդ կուտակմանը: Ուստի այդ ծրագիրը շուրջ 20 միլիարդ դրամ է պահանջելու: Դրանից բացի` որոշակի չափով նաեւ ծախսեր են լինելու սոցիալական ոլորտում, իսկ, ընդհանուր առմամբ, կենսաթոշակային ծախսերը, բացի կուտակային համակարգի ծրագրից, կազմելու են շուրջ 37.7 միլիարդ դրամ:
«Կան այլ ուղղություններ եւս, որոնք բյուջետային համամասնություններով նախատեսված են օրենսդրությամբ եւ պաշտպանված հոդվածներ են, ինչպես, օրինակ, պաշտպանության, գիտության ֆինանսավորման ավելացումը եւ մնացած բոլոր հոդվածները, որոնք, որպես սկզբունք, վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես ավելացվել են պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով»,- նշեց Դավիթ Սարգսյանը: