կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 14:05
Իրավական

Դատական համակարգը ցածր վարկանիշ ունի. Արփինե Հովհաննիսյան

Դատական համակարգը  ցածր վարկանիշ ունի. Արփինե Հովհաննիսյան

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի մասին: Նախարարը, մինչ նախագծի դրույթներին անդրադառնալը, նշեց, որ այն օրվանից, երբ նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում, լսել է բազմաթիվ քննադատություններ, որոնք ուղղված են եղել արդարադատության նախարարին` դատական համակարգում եղած խնդիրների պատճառով:

«Արդարադատության նախարարը շատ սահմանափակ լիազորություններ ունի դատական իշխանության ոլորտում, և դա համարում եմ ճիշտ: Միևնույն ժամանակ, այն սահմանափակ լծակներից մեկը, որ ունի արդարադատության համակարգը, օրենսդրական ճանապարհով առկա խնդիրներին լուծում տալն է»,- ասաց նախարարը` հավելելով, որ դատական համակարգի ախտորոշումը ցույց է տվել, որ դատական համակարգն ունի ցածր վարկանիշ, որը պայմանավորված է ոչ միասնական դատական պրակտիկայով, նաև դատական համակարգում կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ոչ բավարար մակարդակով և այլն: Ահա, թե ինչու, ըստ նախարարի, կարևոր է առաջարկվող նախագիծը:

Կարգավորումներ են նախատեսվում դատավորների ներքին ու արտաքին անկախության և դրանց երաշխքների առումով: Նոր Սահմանադրությամբ բարձրագույն դատական խորհուրդ է ձևավորվելու, որը, ի տարբերության Արդարադատության խորհրդի, չի ունենալու իր կազմում դատավորների մեծամասնություն, դատավորներն այնտեղ մեծամասնություն չեն կազմելու և ընտրվելու են ԱԺ-ի կողմից:

Վճռաբեկ դատարանի նախագահը իրավունք չի ունենալու հարուցել կարգապահական վարույթ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի նկատմամբ, դատարանների նախագահները չեն կարողանալու ընտրվել բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, դատարանների նախագահները չեն կարող ընտրվել դատավորների ընդհանուր հանձնաժողովների կազմում, դատարանների նախագահների խորհուրդը, որպես դե ֆակտո դատական համակարգի համար պարտադիր որոշումներ կայացնող մարմին, այլևս գոյություն չի ունենալու: Նոր կարգավորումներ են նախատեսված դատավորների գնահատման համակարգում:

Նախարարի խոսքով` դատական գործեր  կան, որոնք քննվում են ամիսներով կամ տարիներով, դա հարուցում է քաղաքացիների խիստ դժգոհությունը: Նախատեսվում է միջդատական վարույթի գործերով մասնագիտացված դատավորների առկայություն, որը կնպաստի դատավորների բեռնաթափմանը: Նախագիծը քննարկումների փուլ անցնելուց հետո կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, որից հետո այն  կքննարկվի ԱԺ-ում:

Որոշումն ընդունվեց: