կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 15:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտրություններից հետո Փաշինյանը խայտառակ վարկանիշ ունի․ Գեւորգ Պետրոսյան

1999 թվականից ընտրությունների մեջ եմ եղել, այսպիսի վայրենի խախտումներ չեմ տեսել։ Ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ չի եղել այսպիսի խուժանություն․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։

«Նիկոլ Փաշինը դեռ տարի ու կես առաջ բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով պայքարում էր Սահմանադրական դատարանը սանձահարելու ուղղությամբ, որովհետեւ, տեսնելով իր կառավարման ձախողումները, 2018թ․-ից հետո ցանկացած համապետական ընտրության վերջաբանը տրվելու է ՍԴ-ում։ Նա տեսնում էր, որ ժողովուրդը հիասթափվել է իրենից, չի կարող արդար ճանապարհով ընտրվել։ Նա երկու հույս ուներ՝ կա՛մ նկարչությունը, կա՛մ վայրենաբարո խախտումները։ Փաստորեն, երկուսն էլ եղան»,- ասաց պատգամավորը։

Ճանաչելով ՍԴ մի շարք անդամների՝ պատգամավորը լիահույս է, որ նրանք անվավեր կհամարեն այս խայտառակ ընտրությունները։ Ասում է՝ միշտ էլ եղել են խախտումներ եւ վարչական ռեսուրսի կիրառումներ, բայց այսպիսի ծավալով վայրենություններ չեն եղել։ «Ծայրաստիճան անպատկառ պետք է լինես, որ գնաս նման խայտառակ խախտումների, հետո անմեղ դեմքով ժողովրդի առաջ խոսես արդարության մասին»,- նշեց պատգամավորը։

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ ընտրություններից հետո Փաշինյանը խայտառակ վարկանիշ ունի։ «Գնաց, գյուղացիներին խաբեց, որ իրեն ընտրեն, ասաց՝ ամեն ինչ լավ կլինի, ավելի լավ կապրեն, ընտրեցին, հաջորդ օրը ջուրը կտրեց։ Եթե գյուղացին ջուր չունենա, նույնն է, եթե օդ չունենա շնչելու։ Ջուր չունեցող գյուղացին պոտենցիալ արտագաղթող է։ Սա Հայաստանը դատարկելու հետեւողական ծրագիր է իրականացնում։ Գուցե թուրքական գյուղմթերքն է ուզում ներկրել, իսկ դրա առաջին նախապայմանը հայկական արտադրանքի իրացումը դադարեցնելն է կամ չունենալը, որպեսզի բոլորս ստիպված ընտրենք Թուրքիայից եկող գյուղմթերքը»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։