Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական կարգավորումները բավական լուրջ հիմքեր են ստեղծել, որ մենք ունենանք դատարանների անկախության պատշաճ երաշխավոր հանդիսացող մարմին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում բարձրագույն դատական խորհրդի ստեղծման մասին։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Նոր փոփոխությունների համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից:
Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ առաջին անգամ ստեղծվում է մի մարմին, որը լինելու է դատական իշխանության անկախության երաշխավորը, և որտեղ դատավորները մեծամասնություն չեն լինելու։
«Սա ինքնին արդեն խոսուն փաստ է։ Համարում եմ, որ դատավորների մեծամասնությունը դատավորների անկախությունն ապահովող մարմնում իրականում կարող է լուրջ վտանգ ստեղծել, որ դա կլինի ոչ թե դատական իշխանության անկախության երաշխավորը, այլ հակառակը՝ դատավորների շահերի ներքին սպասարկման համար նախատեսված մարմին։ Այս առումով` կարծում եմ, որ սահմանադրական կարգավորումները իրականում բավականին լուրջ հիմքեր են ստեղծել, որ մենք ունենանք անկախության պատշաճ երաշխավոր հանդիսացող մարմին»,- ասաց նա` հավելելով, որ շատ հանգամանքներ էլ կախված են նաև Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից: