կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-15 20:08
Քաղաքական

«Ես քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից եմ». Հովհաննես Վարդանյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

«Ես քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից եմ». Հովհաննես Վարդանյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը Դաշնակցության թեկնածուներից մեկը կլինի Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու որոշման մասին Վարդանյանը զրուցեց Yerkir.am-ի հետ: Նա նախ նշեց, որ ՀՅԴ-ից առաջարկություն ստանալուց հետո երկար է մտորել եւ եկել եզրահանգման, որ իրեն տեսնում է օրենսդիրում:

«Աշխատելու դաշտ եմ տեսել, դրա համար էլ ընդունել եմ ինձ արված առաջարկությունը»,- ասաց Վարդանյանը եւ հիշեցրեց, որ, նախքան վարչական շրջանի ղեկավար դառնալը, երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, մեծ փորձ ունի:

Դիտարկմանը, թե լուրջ պայքար է սպասվում, ՀՀԿ-ն առաջադրելու է պատգամավորներ Արթուր Գեւորգյանի եւ Արտակ Սարգսյանի /ՍԱՍ-ի Արտակ/, Արման Սահակյանի, Արման Բաբլոյանի թեկնածությունները, և հարցին`ինչպե՞ս է պայքարելու ուժի եւ փողի դեմ, Վարդանյանը պատասխանեց, որ կոռեկտ չի համարում որակումներ տալ իր մրցակիցներին, հետո էլ հավելեց, որ մարդկային նորմալ հարաբերություններ ունի բոլոր թեկնածուների հետ:

«Պետք չէ թշնամաբար մոտենալ հարցին: Ես քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից եմ: Ես արաբկիրցի եմ, ապրել եւ ապրելու եմ այստեղ, իմ զավակներն այստեղ են ապրելու: Ես չեմ արել մի բան, ինչի համար իմ երեխաները կարող են ամաչել: Իմ` թաղապետ եղած ժամանակ էլ փորձել եմ կարճ ժամանակում, հնարավորության չափով անել այն ամենը, ինչ ինձանից պահանջվում է»,- ասաց նա:

Հարցին` այդուհանդերձ, փողն ու ուժն իրենցը կանեն, ո՞րն է իր հաղթաթուղթը, Վարդանյանը պատասխանեց. «Իմ աշխատանքը, մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են: Ես իմ ընտրողի կողքին եմ լինելու, իրենք էլ` իմ: Ընտրողը պետք է ըստ թեկնածուի աշխատանքի գնահատի: Ես դեռ ծրագրեր ունեմ, որոնք պետք է կյանքի կոչեմ: Ի վերջո, մարդիկ կհասկանան, որ գումարով չի կարելի վաճառել վաղվա օրը »: