Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա երկու ընկերների սպանության գործով դատավարությունը: Այսօր պետք է հետազոտվեին այս գործով իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենաները, այդ թվում` Լևոն Ղազարյանին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան: Սակայն հայտնի դարձավ, որ հետազոտվելիք մեքենաներից միայն մեկն են բերել, մյուսների վարորդները հրաժարվել են դատարանի հրապարակած ժամին ներկայանալ դատարան:
Նախորդ դատական նիստում դատարանը որոշել էր ապացուցված համարել իրեղեն ապացույցները, քանի որ դրանք «սարքված են»: Ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը, սակայն առարկել էր և պահանջել դատարանում ուսումնասիրել դրանք: Բանն այն է, որ դեռևս նախաքննության ընթացքում իրեղեն ապացույց համարվող մեքենաները վերադարձվել էին տերերին: Մասնավորապես` դեպքի վայրում եղած` Լևոն Ղազարյանի մեքենան, որով և նրան վիրավոր վիճակում փորձել էին հասցնել հիվանդանոց, «սարքվել» է (խմբ. արյան և կրակոցի հետքերը վերացվել են):
Պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ մի մեքենան հետազոտելու համար կարիք չկա արտագնա նիստ անցկացնելու: Նա առաջարկեց այսօրվա դատական նիստը հետաձգել և հաջորդ դատական նիստին հետազոտել բոլոր մեքենաները:
Նշենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող`«ԱԿՄՍ», «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգներ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
2015թ. մարտի 4-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը` տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: