կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-17 19:19
Իրավական

Ծեծել են նախկին պաշտոնյայի ու քրեական հեղինակության դեմ դուրս եկած երիտասարդին

Ծեծել են նախկին պաշտոնյայի ու քրեական հեղինակության դեմ դուրս եկած երիտասարդին

Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ Մալաթիա համայնքում ծեծի է ենթարկվել Արաբկիրի ոստիկանապետի նախկին տեղակալ Գագիկ Մկոյանի դեմ ՀՔԾ-ում հաղորդում ներկայացրած Արման Եղիազարյանը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

 

Ըստ ստացված հաղորդման` երեկ ժամը 18-ի սահմաններում Մալաթիա համայնքում վիճաբանության ժամանակ երկու քաղաքացիներ ոտքերով և ձեռքերով հարվածել են Արման Եղիազարյանին` նրան պատճառելով վնասվածք: Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

 

Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան մեքենաների ներկրմամբ և դրանց վաճառքով զբաղվող Արման Եղիազարյանը ՀՔԾ-ում հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Մկոյանի և քրեական հեղինակություն` Կիլիկիայի Կլոր մականվամբ Արայիկի անօրինական գործողությունների և սպառնալիքների արդյունքում տարիներ շարունակ ֆինանսական կորուստներ է ունեցել, մասնավորապես` իրենից հափշտակվել է 206 000 ԱՄՆ դոլար գումար։ Արմանն այդ կապակցությամբ դիմել էր նաև գլխավոր դատախազին և ոստիկանապետին` միաժամանակ հայտնելով, որ  կասկածի տակ է դրված  իր և ընտանիքի անվտանգությունը, քանի որ Մկոյանը սպառնացել  է իրեն դատի տալ, իսկ Կլորն էլ` «գողականով հարցերը լուծել» գաղութում։ 

 

Նշենք, որ դեռևս օրեր առաջ ՀՔԾ-ից yerkir.am-ին հայտնել էին, որ Եղիազարյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արմանը նշեց, որ իրեն ծեծել են  Գագիկ Մկոյանի «մարդիկ»` Մալաթիայի բնակիչներ Մրդոն (Մարտինը) և Վարդանը: Ի դեպ, հիշյալ քաղաքացիները Արմանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործում ներգրավված են որպես վկաներ: Ներկայումս Մարտինի մոտ են գտնվում «Պորշ Կայեն», «Տոյոտա Ռաֆ 4» և «Կիա Սորենտո» մակնիշի մեքենաները, որոնք, ըստ Արմանի` ՀՔԾ-ում տված հաղորդման, իրենից հափշտակել է Գագիկ Մկոյանը:

 

Հափշտակությանը Արմանը մանրամասնորեն անդրադարձել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված իր դիմումներում: Ներկայացնենք այդ դիմումից մի հատված. «2013 թ-ի հոկտեմբերին Անդրանիկի արձանի մոտ հանդիպել եմ Մկոյանիև, վերջինս իևձ հայհոյել է, խփել է երկու անգամ, հետո ուզում էր բաժին տանել (Խմբ.-այն ժամանակ Մկոյանը դեռևս պաշտոնանկ չէր եղել), ասում էր պիտի դատի իևձ նարկոտիկով: Ես մի կերպ դուրս պրծա` ժամանակ խնդրեցի, իևձնից արդեև պահանջում էր տունս: Երկրորդ անգամ նա իմ նկատմամբ բռնություն է կիրառել 2013թ-֊ի դեկտեմբերի կեսերին` Մալաթիայի «Երևաև սիթիի» դեմաց: Մկոյանի հետ կային ևս երկու հոգի, նա իևձ քաշքշում էր և ասում` կամ փողերս պիտի տաս կամ գնում ենք բաժիև, հենց այդ օրը ինձ հետ գտնվող ընկերս` Աբրահամը համաձայնվեց տալ իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի նա ինձ ժամանակ տա և չդատի, իմ զլխին բան չսարքի»:

 

Հիշյալ դեպքի վերաբերյալ Արմանի ներկայացրած փաստերը կներկայացնենք հետագայում, իսկ հիմա անդրադառնանք երեկվա դեպքին:

 

«Ես Մալաթիայում իմ մեքենան էի նորոգում, երբ ինձ մոտեցան Մարտինն ու Վարդանը: Մարտինն ինձ հայտնեց, որ ՀՔԾ-ում հարցերը լուծել են, և  գործը շուտով կկարճվի»,- մեզ հետ զրույցում պատմեց Արմանն ու հավելեց, որ իրենից պահանջել են ՀՔԾ-ին ուղղված հաղորդումը հետ վերցնել` նշելով, որ Գագիկ Մկոյանն իրեն տալու բան չունի: «Ես էլ ասացի, որ չի կարող տենց բանի լինել, և սկսեցին ինձ ծեծի ենթարկել: Ես գետնին էի ընկել, շորերս արյունոտվել էին: Եթե մարդիկ չլինեին մոտակայքում և մեզ չմոտենային` չգիտեի` ինչ կլիներ ինձ հետ»,- ասաց նա:

 

Արմանի խոսքով` Մարտինն ու Վարդանն առանց Մկոյանի հրահանգի նման բան չէին համարձակվի անել, ինքը լսել է, թե ինչպես են կատարվածի մասին զեկուցում նրան:

 

Նշենք, որ Արման Եղիազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվածի մասին տեղյակ է պահվել նաև ՀՔԾ-ում Մկոյանի վերաբերյալ գործը քննող քննիչին:

 

Հետաքրքիր է` ի՞նչ պարզաբանում կտա ՀՔԾ-ն Արմանին ծեծի ենթարկած քաղաքացիների այն հայտարարության կապակցությամբ, որ գործը շուտով կարճվելու է: Մի՞թե այս կառույցն այնքան բաց է աշխատում, որ իր նպատակների մասին տեղեկացնում է վկաներին, մանավանդ, որ նախաքննության ավարտի մասին դեռևս խոսք անգամ լինել չի կարող: Թերևս մեզ մոտ նման տպավորություն չի ստեղծվել: Օրինակ` երբ ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք, թե քրեական գործը ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել, մեզ պատասխանեցին, որ դա նախաքննական գաղտնիք է: Գուցե ՀՔԾ-ից ինֆորմացիոն արտահո՞սք է եղել: Այդ կապակցությամբ քննչականի ղեկավարությունը մտածելու բան ունի: Չէ՞ որ ինչ-որ քննիչի անփութության կամ պարզապես անձնական շահի պատճառով հնարավոր է հեղինակազրկվի մի ամբողջ կառույց: Հետևությունները թողնում ենք ձեզ: