կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-20 16:37
Քաղաքական

«Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է». նախկին ԲՀԿ-ականն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից

«Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է». նախկին ԲՀԿ-ականն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից

ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ-ի ցուցակում հանգրվանած Բազմասեր Առաքելյանը, ով Հանրապետականի համամասնական ցուցակի 135-րդ համարն է, առաջադրվել է նաև ռեյտինգային ընտրակարգով` Արագածոտնի մարզից:

Առաքելյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար ավելի մեծ նշանակություն ունի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելը և ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 135-րդ տեղում գտնվելն իրեն այդքան էլ չի մտահոգում:

Հարցին՝ ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ի կազմում գտնվելը և հիմա էլ ՀՀԿ-ի ցուցակում հայտնվելը քաղաքական հայացքների բախում չի՞ առաջացնում նրա մոտ, պատգամավորը պատասխանեց. «Այ հենց հիմա ուզում եմ մեկընդմիշտ պատասխանել այդ հարցին, որ էլ բաց չմնա` ԲՀԿ հիմնադիր նախագահն իմ ընկերն է»:

Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուց հետո չի՞ զղջում, որ լքել է ԲՀԿ-ն: Պատգամավորն արձագանքեց. «Արդեն պատասխանեցի այդ հարցին»:

Ճշտող հարցին՝ չի՞ փոշմանել, և Գագիկ Ծառուկյանը շարունակո՞ւմ է մնալ նրա ընկերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ և Գագիկ Ծառուկյանի ընկերությունը պահպանվել է, դեռ ավելի լավ է լինելու»:

Խոսելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող այլ թեկնածուների հետ սպասվող մրցակցության մասին՝ Առաքելյանը վստահեցրեց, որ բոլոր առաջադրվածներն էլ իր ընկերներն են, և ինքը մրցակցությունից չի վախենում: «Ամբողջ կյանքումս մրցակցության մեջ եմ եղել` սպորտային մրցակցության, հիմա էլ՝ քաղաքական: Սովոր եմ, առանց մրցակցության չեմ պատկերացնում իմ կյանքը: Իմ անցած ճանապարհով եմ ասում` եթե  դու սպորտային մրցակցությանը դիմացել ես, քաղաքական մրցակցությանը դիմանալը շատ հեշտ է: Սպորտի մարդիկ պարզ և մաքուր են, մենք չենք ենթարկվում պրովոկացիաների, իսկ ուժեղներն արդար մրցակցություն են սիրում»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպես Գագիկ Ծառուկյա՞նը, Առաքելյանը պատասխանեց. «Ինչպես Գագիկ Ծառուկյանը»: