կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-17 20:47
Իրավական

Զորացրվածների զինգրքույկներում ոչ իրավաչափ գրառումներ են կատարվել

Զորացրվածների զինգրքույկներում ոչ իրավաչափ գրառումներ են կատարվել

Ապրիլյան մարտական գործողություններից հետո զորացրվածների զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշումներն անվավեր ճանաչելու հարցը վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տվեց: Այդ ժամանակ ի հայտ եկան խնդրին առնչվող չպարզաբանված հարցեր: Ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների կարգավիճակի, զինգրքույկներում ապրիլյան մարտերին մասնակցության վերաբերյալ նշումներ կատարելու և այլ հարցերի պարզաբանման նպատակով Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն: Խնդրել էինք պարզաբանել` արդյո՞ք գոյություն ունի որևէ իրավական ակտ (պաշտոնական գրավոր փաստաթուղթ), համաձայն որի` սահմանված է, թե ովքեր են կոչվում 2016թ. ապրիլյան մարտական գործողության մասնակից, եթե` ոչ, ապա ի՞նչ իրավական ակտի հիման վրա կամ ի՞նչ սկզբունքով է որոշվում մարտական գործողության մասնակցի կարգավիճակը:

Ի պատասխան՝ ՊՆ-ից հայտնել էին որ 2016թ. պատերազմ հայտարարելու մասին համապատասխան իրավական ակտեր չեն ընդունվել, իսկ «մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ» հասկացությունը և դրա տրամադրման կարգը սահմանվել են ՀՀ կառավարության` 2000 թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ: Համաձայն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի՝ մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին՝ ոչ պակաս քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ, մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակից լինելու ժամկետից:

Նույն կարգի 2-րդ կետի համաձայն՝ սույն կարգի համաձայն մարտական գործողությունների մասնակցի կամ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: 

Այսինքն` 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակիցների իրավական կարգավիճակի վերաբերյալ առանձին իրավական ակտ չի ընդունվել:

ՊՆ-ից հետաքրքրվել էինք նաև, թե ի՞նչ իրավական հիմնավորմամբ են ՀՀ-ում գործող զինկոմիսարիատները փոփոխություն կամ լրացում կատարում ՊԲ զորամասերի կողմից տրված՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող զինգրքույկներում: Մասնավորապես` ի՞նչ հիմքով են զինկոմիսարիատներում անվավեր ճանաչվել որոշ զինծառայողների զինգրքույկներում առկա՝ ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ գրառումները:

Ի պատասխան ՝ ՊՆ-ից հայտնել էին հետևյալը. «Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների զինգրքույկներում հերթապահության վերաբերյալ գրառումները կատարվում են ՀՀ ՊՆ 17.10.2014 թ N 1230 հրամանի համաձայն: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց զինվորական գրքույկները տրվում են զորակոչն իրականացնող` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատների կողմից, ոչ թե ծառայության անցման վայրի զորամասի:

2016թ.-ի ապրիլի 2-6-ը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած պարտադիր կազմի զինծառայողների զինվորական գրքույկներում մասնակցության վերաբերյալ գրառումներն իրականացվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 04.11.2016 թ-ի «2016թ. Ապրիլի 2-6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցած ժամկետային զինծառայողների գրքույկներում գրառումներ կատարելու մասին» N92/ԳՇ կարգադրությամբ սահմանված կարգով:

Նշված կարգադրության 1-ին կետով հանձնարարվել է զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին ՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 1996թ. Հուլիսի 30 –ի N 316 հրամանով գործողության դրված «ՀՀ զինված ուժերի անձնակազմի հաշվառման հրահանգի» պահանջների՝ 2016 թ-ի ապրիլի 2-6-ը հակառակորդի հետ տեղի ունեցած մարտերին մասնկացած և ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների զինգրքույկների 7-րդ էջի 16-րդ սունյակում, ինչպես նաև հաշվեծառայողական քարտում և «Հայաստանի պաշտպանի անհատական գրքույկ»-ներում կատարել հետևյալ գրառումները՝ նշելով երբվանից մինչև երբ, զորամասը, պաշտոնը և կնքել զորամասի զինանշանի կնիքով:

Հանձնարարվել է նաև պարզաբանել ենթակա ժամկետային կազմի զինծառայողներին, որ մարտերին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում սույն կարգադրությամբ պահանջվող գրառումը չի հանդիսանում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, որի վերաբերյալ կատարել գրառում համապատասխան մատյանում և ամրագրել զինծառայողի անձնական ստորագրությամբ: Կարգադրության 2-րդ կետով ցուցում է տրվել ՀՀ զինվորական կոմիսարին՝ հանձնարարել տարածքային զինվորական կոմիսարներին ՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից 2016թ. Ամառային զորակոչի շրջանակներում արդեն իսկ զորացրված և 2016թ. ապրիլի 2-6-ը մարտերին մանակցած, սակայն զինգրքույկներում մասնակցության վերաբերյալ համապատասխան գրառումներ չունեցող զինապարտների զինկոմիսարիատ դիմելու դեպքում՝ գրավոր հարցում կատարել համապատասխան զորամասի հրամանատարին և անհրաժեշտ հիմքերի (գրություն, զորամասի հրամանատարի հրամանից քաղվածք) առկայության դեպքում, սույն կարգադրությամբ նախատեսված գրառումը կատարել զինգրքույկներում, հաշվեծառայողական քարտերում և կնքել զինվորական կոմիսարի կլոր կնիքով:

Համապատասխան կարգի խախտմամբ զինգրքույկներում գրառումներ չկատարելու, թերի գրառելու կամ ոչ իրավաչափ գրառում կատարելու դեպքերի մասին տեղ գտած հաղորդումների հիման վրա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով հանձնարարվել է իրականացնել ծառայողական քննություն՝ դրանց արդյունքներով՝ թերացած պաշտոնատար անձանց ենթարկելով կարգապահական պատասխանատվության»:

Փաստորեն, ստացվում է, որ զինկոմիսարիատները «շտկել են», այսինքն` զորացրված որոշ զինծառայողների զինգրքույկներում առկա նշումները ջնջել կամ «անվավեր» են ճանաչել` այդ նշումների՝ ոչ իրավաչափ լինելու հիմքով:

Նշենք, որ ՊՆ-ն, փետրվարի 4-ի տվյալներով, զինգրքույկների հետ կապված 75 դիմում-բողոք էր ստացել, որոնցում ներկայացված հարցերն, ըստ ՊՆ-ի, չեն հիմնավորվել:

Փետրվարի 4-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, զինգրքույկներում թերի գրառման մեկ դեպք է արձանագրվել. մեկ զինծառայողի վերաբերյալ, ով մասնակցել է մարտերին և պարգևատրվել «Արիություն» մեդալով, զինվորական գրքույկում համապատասխան գրառում կատարված չի եղել:

ՊՆ-ի պատասխանից հետևում է, որ զինգրքույկներում արված ոչ իրավաչափ կամ թերի գրառումների համար պատասխանատու են ՊԲ համապատասխան զորամասերի հրամանատարները, ովքեր արդեն ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Ի դեպ,  Yerkir.am–ը նշված խնդրին առնչվող գրավոր հարցում էր ուղղել նաև ԼՂՀ ՊՆ, սակայն այդտեղից հրաժարվել էի պատասխանել մեր հարցերին:

Թագուհի Մելքոնյան