կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-28 13:05
Հասարակություն

… Իսկ թիկունքում մի ամբողջ ազգ է քնած. գրառումներ` զինվորի օրագրից

… Իսկ թիկունքում մի ամբողջ ազգ է քնած. գրառումներ` զինվորի օրագրից

Մեկը` ապագա ինժեներ, մյուսը` տնտեսագետ, մեկը` հասարակ բանվոր, մյուսը` արդեն 1 երեխայի հայր, մեկ ուրիշն էլ` հենց նոր բակային խաղերից կտրված երիտասարդ: Բոլորս լուռ, առանց որևէ բառ փոխանակելու ուղևորվում ենք զորամաս:

 

………

 

Հրաժեշտ առօրյա հագուստին: Հրամանատարների` կրկնվող արտահայտությունը. «Ովքեր ուզում են, կարող են իրենց հագուստն ուղարկել տուն» : 20 տարի շարունակ չէի մտածել, որ այդպիսի թախծոտ հայացքով կնայեմ իմ առօրյա հագուստին: Արդեն նոր հագուստ` զինվորական, որի նշանակությունը դեռ ոչ ոք չի գիտակցում:

 

………

 

Վա’շտ, վե’ր կաց: Զրնգուն ձայն, որից անակնկալի ես գալիս: Հորանջելու ժամանակ չունես, արագ շորերդ ես փնտրում: Աջ ու ձախ միայն բղավոցներ ու խառնաշփոթ: Այդ ժամանակ անմիջապես մորդ ձայնն է գալիս ականջիդ. «Տղա’ ջան, վեր կաց, որ դասից չուշանաս»:

 

……..

 

Ձախ, ձախ, ձախ, աջ, ձախ: Առաջին շարային քայլերը` առաջին զինվորական կոշիկներով, որոնք մրմռացնելու աստիճան սեղմում են ոտքերդ: Անտեսում ես, քայլում ու դեռ էդ սրտով երգում վաշտի երգը: Հիշեցի, թե ինչպես քաղաքում կոշիկ գնելիս ուզում էի, որ հա’մ տեսքով լինեն, հա’մ էլ անգամ կես սանտիմետր փոքր չլինեն:

 

………

 

«Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա` չխնայել կյանքս: Երդվում եմ»: Զինվորական երդումն է, որ 180 աստիճանով տարբերվում է այն երդումներից, որոնք ամեն օր տալիս ենք զորամասի պատերից դուրս` ընկերների շրջապատում: Այս երդումը մեկն է ու ամբողջ կյանքի համար:

 

……..

 

Թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենայի փոխարեն` դրանից 10 անգամ մեծ զրահատեխնիկա: Քարի ու պարսատիկի փոխարեն` իսկական ինքնաձիգ: Հասկանում ես, որ այ սա է հպարտանալու բան, ոչ թե ուրիշների վրա տպավորություն գործելու համար ու հորդ փողերով գնված երկաթի կտորը: Կրակելու անհագ ցանկություն, իսկ առջևումդ միայն փայտից թիրախն է, այլ ոչ թե իրական թշնամի:

 

…….

 

Խրամատ, սահման, փոքրիկ կացարան: Դու ու զենքդ` միակ ընկերդ, որի հետ չես էլ կարող զրուցել: Բա որ… Իսկ թիկունքում մի ամբողջ ազգ է քնած, գիշերը 03.00-ն է, ու մայրդ էլ չի ասում. « Տղա’ ջան, ուշ չգաս տուն, չթողնես մութն ընկնի» :

 

…….

 

Ընկերներ` իսկական, տխրության ու ուրախության: Անգամ մականուններն են բանակում տարբերվում` ավելի «տղայական» են: Քաղաքի «Պոնչ», «Բոյով», «Չախկալ» նուրբ մականունների փոխարեն` «Արջ», «Գիժ», «Չեպե»: Տղերքի բնավորությունները լավ գիտենք: Մեկը հենց գժվեց, թշնամուն պատառ-պատառ կանի, իսկ «արջն» էլ` սաղ-սաղ կուլ կտա: «Դուխի» հարց ա:

 

………..

 

Անցավ 2 տարին, անցավ պատերին, առաստաղներին, հատակին ծառայության օրերի թիվը գրելու ժամանակը: Վերջին օրն է: Շարահրապարակում շարված է ամբողջ զորքը: Անուն-ազգանունդ են կարդում ու ավելացնում. «Դեպի հայրական օջախ` քայլով մա’րշ»: Գրկախառնվում ես, հուզվում ու ասում. «Բարի ծառայություն, տղե’րք ջան, անփորձանք»:

 

Գևորգ Խաչատրյան