կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-22 17:26
Առանց Կատեգորիա

Վարդագույն ակնոցների էֆեկտը

Վարդագույն ակնոցների էֆեկտը

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն ասում է. «...Որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք գերիշխող դիրք ունեն, որ կան պետական պաշտոնյաներ, ովքեր փորձում են իրենց պաշտոնը չարաշահել, որ կան գործարարներ, ովքեր ուզում են շուկայում միայնակ, մոնոպոլ լինել, այստեղ կասկած լինել չի կարող»:

 

Թվում է, թե այսպիսով Սերժ Սարգսյանը ձգտում է բաց տեքստով խոսել երկրի տնտեսական համակարգում արհեստական մոնոպոլիաների, իսկ պետական կառավարման համակարգում` կաշառակերության և կոռուպցիայի առկայության մասին և դրանք հռչակում մարտահրավերներ: Պարզվում է, սակայն, որ նման խնդիրներ Հայաստանը չունի: Իսկ այն, ինչ այդ հարցազրույցի ժամանակ ասել էր երկրի ղեկավարը, ընդամենը պահի տակ արված` լեզվի աննշան սայթաքումներ են, թյուրընկալման արդյունք:

 

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ո'չ մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների, ո'չ էլ կոռուպցիայի և դրանց դեմ պայքարի մասին բացարձակապես ոչ մի խոսք, ոչ մի ուղղակի միտք գոյություն չունի: Եվ քանի որ ներկայումս առաջարկվում է նրան ընտրել` ոչ թե «Ազատությանը» տված հարցազրույցում արված հայտարարությունները, այլ հենց ներկայացված նախընտրական ծրագիրն իրագործելու համար, ստացվում է, որ առաջիկա 5 տարիներին երկրի պետական կառավարման, տնտեսական ու քաղաքական համակարգերն ուղղակի ավերող այս երևույթները չեն լինելու իշխանության թիրախները:

 

2008-ի ընտրությունների ժամանակ էլ իշխանության թեկնածուի ծրագիրն այս ուղղություններով առանձնապես հարուստ չէր: Սակայն գոնե մի կողմից ամրագրում էր հավասար պայմանների ապահովման անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից` կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, մրցակցային անհավասար պայմանները դիտարկում էին իբրև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խոչընդոտ` դրանց դեմ անխնա պայքարի խոստումով: Ավելին` 2008թ. ընտրություններից հետո նաև անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքով ստորագրված կոալիցիոն հուշագրով, որը պետք է դառնար կոալիցիոն կառավարության հիմնական առաջնորդող փաստաթուղթը, սրանք ներառված էին որպես առաջնահերթ ու հրատապ խնդիրներ:

 

Հիմա կա'մ իշխանությունները պարզապես մոռացել են դրանց մասին, կա'մ համարում են, որ անցած 5 տարիներին այդ խնդիրներն ամբողջությամբ լուծել-վերջացրել են: Իրականում, սակայն, ամեն ինչ շատ ավելի տրիվիալ բացատրություն ունի: Պարզապես նախագահը մի փոքր այլ պատկերացումներ ունի իրականության մասին, և նրա նախընտրական ծրագիրն էլ կառուցվել է այդ պատկերացումների հիման վրա: Օրինակ` նա համարում է, որ չնայած արդեն 22-ամյա անկախ պետականություն ունենալուն, Հայաստանում գործարարները դեռ նոր պետք է գիտակցեն հարկ տալու անհրաժեշտությունը: «Վստահ եմ, որ հեռու չեն այն ժամանակները, երբ գործարարները կգիտակցեն հարկ տալու անհրաժեշտությունը»,- ասում է նա:

 

Փաստորեն, մինչև հիմա գործարարները չէին գիտակցում հարկեր վճարելու անհրաժեշտությունը կամ էլ բարեհաճել են վճարել ոչ թե պետական, այլ չարչիական մտածողությամբ առաջնորդվելով: Կամ` նա Հայաստանում մոնոպոլիաներ փնտրողներին խորհուրդ է տալիս դրա մասին խոսելուց առաջ մի փոքր մտածել: Պարզվում է` դա, ըստ նախագահի, միայն հայկական երևույթ չէ և առկա է, քանի որ գոյություն ունեն «կոմունիկացիաների բարդություն, շուկաների անհասանելիություն եւ այլ հանգամանքներ»: Փաստորեն, օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները մեր տնտեսությանը նույնիսկ անհրաժեշտ են, որովհետև նշվող բարդություններն ունակ են հաղթահարելու միայն և միայն օլիգարխներն ու մոնոպոլիաները:

 

Մյուս հետևությունն այն է, որ դրանք լ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտներ չեն: ՓՄՁ-երի զարգացման իրական խոչընդոտները, հասկանում եք`այն է, որ Հայաստանում չկան գործարար ջիղ ունեցողներ, և ամեն մարդ չէ, որ, ըստ նախագահի, կարող է իրեն թույլ տալ` զբաղվել գործարարությամբ: «Ոմանց դա չի հաջողվում, որովհետեւ, բացի անձնական կարողություններից եւ այլն, գոյություն ունեն նաեւ այլ հանգամանքներ, գոյություն ունի, օրինակ, մատչելի ռեսուրսների առկայություն»,- ասում է երկրի ղեկավարը` այդպես էլ չբացատրելով, թե ինչու ռեսուրսները մատչելի չեն:

 

Այս ամենի խորապատկերին բացարձակապես տարօրինակ չի թվում, թե ինչու է նախագահը, հետևելով վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին, երկրի սոցիալ-տնտեսական դրությունը նկարագրող ամենապարզ վիճակագրության փոխարեն համառորեն կառչում միջազգային կառույցների տված վարկանիշային գնահատականներից և դրանք դարձնում տնտեսության էֆեկտիվության հիմնական ցուցիչ: Տարօրինակ չէ նաև, թե ինչու նոր ծրագիր ներկայացնելուց առաջ կամ դրան զուգահեռ իշխանությունը նախ հանդես չի գալիս նախագահի պաշտոնավարման նախորդ շրջանի գործունեության, նախորդ ծրագրի կատարողականի հաշվետվությամբ: Ի վերջո, մյուս թեկնածուներից նա տարբերվում է հենց նրանով, հաշվետու է հանրությանը, որ նոր գաղափարների, նոր խոստումների իրատեսականությունը նախ պարտավոր է հիմնավորել ու համոզել` կոնկրետ ձեռքբերումներ մատնանշելով: Դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ընտրությունները, պսևդոհայրենասիրական զգացական-վիրտուալ դաշտից տեղափոխվեն բովանդակային դեբատների դաշտ: Մինչդեռ դրան դեռ երկար ենք սպասելու:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ