Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ փետրվարի 10-ին տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2017թ. անդրանիկ նիստը:
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի բաժնի պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի hայեցակարգը, որի նպատակն է մատնանշել կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման համապատասխան հիմքերն ու ուղղությունները:
Մշակվող օրենքի նախագծով կսահմանվեն կամավորական աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու մեխանիզմները, կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման, կամավոր աշխատանքների խթանման, քաղաքացիական հասարակության կյանքում վերջինիս դերի բարձրացման նախապայմանները: Օրենքի նախագծով հստակ սահմանվել են նաև հիմնական հասկացությունները՝ թե ով կարող է համարվել կամավոր, որ կազմակերպությունը կարող է զբաղվել կամավորական գործունեությամբ, որ գործունեություններն ու աշխատանքներն են համարվում կամավոր, ով է հանդիսանում կամավորի կարիք ունեցող:
Անդրադառնալով ներկայացված նախագծին՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նախագիծը ներառված է ՀՀ կառավարության ծրագրում: «Մենք իսկապես կարևորում ենք կամավորական գործունեությունը, բազմիցս փորձ է արվել կանոնակարգել այս ոլորտը: Հնարավոր չարաշահումներից ու ռիսկերից զերծ մնալու նպատակով այս խնդրին տվել ենք համակարգային լուծում»,- ընդգծել է նախարարը:
Որոշում է կայացվել քննարկման մասնակիցների կողմից հնչած առաջարկությունների հիման վրա խմբագրված տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարություն:
Հանդիպմանը քննարկվել է նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ներկայացվել են այն փոփոխություններն ու լրացումները, որոնք ուղղված են աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգի հստակեցմանը:
Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հնչել են առաջարկություններ, նոր մոտեցումներ ու դիտարկումներ: Ներկայացված փաստաթղթի ամբողջական և ընդգրկուն տարբերակն ունենալու նպատակով առաջարկվել է մասնակից կողմերին ներկայացնել առաջարկությունների լիարժեք փաթեթ:
Եռակողմ նիստի աշխատանքին մասնակցել են նախարարության, շահագրգիռ գերատեսչությունների և գործընկեր կողմերի ներկայացուցիչները: