Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ երեկ գիշեր և, առհասարակ, վերջին օրերին Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրմանը: Ըստ նրա` դա անսպասելի չէր. ամեն անգամ երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջ են քաշում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման հարցը, Ադրբեջանը լարում է իրավիճակը շփման գծում:
Մանոյանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներիցպետք է պահանջել անվանական կոչեր անել, այլ ոչ թե անարդար ձևով, ինչպես նրանց վերջին հայտարարությունն էր, երբ Հայաստանից ինչ-որ ակնկալիք ունեին դին հանձնելու կապակցությամբ և առանձին տվեցին Հայաստանի անունը: Հիմա էլ պետք է իրենց պահանջը հասցեագրեն Ադրբեջանին:
Մանոյանը բացատրեց, որ Մինսկի խումբը ձգտում է անկողմնակալ երևալ: «Սա տեղի է ունենում ճիշտ այնպիսի ժամանակ, երբ Ալիևը Բրյուսելում իբրև թե բանակցություններ է սկսելու Եվրամիության հետ: Այս ամենը հաշվի առնելով` պետք է շատ ուժեղ հակազդեցություն ցույց տանք»,- ասաց նա:
Իսկ թե այս տարի ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախյան հիմնախնդրի հարցի հետ կապված, Մանոյանը նշեց, որ ակնկալիքներ չունի, ընդամենը կարող են ինչ-որ հանդիպումներ լինել կողմերի միջև:
Մանոյանը խոսեց նաև Արցախյան հիմնահարցի և Ցեղասպանության ճանաչման հետ կապված` Հայ Դատի ծրագրերի մասին: «Արցախի հարցում կարևոր քայլեր են ձեռնարկելու Հայ Դատի գրասենյակները` Մերձավոր Արևելքին հնարավորություն տալ մոտիկից ծանոթանալ Ղարաբաղին և Ղարաբաղի հարցին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և Եվրոպային` փորձել Արցախը արտաքին մեկուսացման քաղաքականությունից դուրս բերել: Արդեն որոշ ջանքեր կատարվել են անցած տարիներին այդ ուղղությամբ: Ավելի ենք շատացնելու լրագրողների և քաղաքական գործիչների փոխայցելություններ»,- ասաց նա:
Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մանոյանը նշեց` այն, ինչ եղել է վերջին տարիներին, կշարունակվի, բայց, առանց Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու, շեշտը դրվելու է հատուցման խնդրի վրա և տարբեր քայլերով ցույց է տրվելու` և' աշխարհին, և' Թուրիքային, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ի վերջո, նշանակում է նաև հատուցում: