կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-08 12:37
Քաղաքական

Փոխզիջման մեջ մի փոքրիկ քայլը, դետալը կարող է ամբողջ գործընթացին վնասել. ՀՀԿ-ական

Փոխզիջման մեջ մի փոքրիկ քայլը, դետալը կարող է ամբողջ գործընթացին վնասել. ՀՀԿ-ական

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե, ի վերջո, ո՞րն է Հանրապետական կուսակցության պատկերացրած հստակ ճանապարհը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:

«Մենք հիմա չենք կարող ՀՀԿ-ի դիրքորոշումը կոնկրետ ձևակերպել, բայց սկզբունքային կետեր կան, որոնց մասին մշտապես բարձրաձայնել ենք` միասնական սահման, ինչպես նաև` կապ, Արցախի ժողովուրդը պետք է իր ճակատագիրը որոշի, ավելի մեծ ճանաչում ու վստահություն միջազգային հանրության կողմից, որ Արցախում էլ նման գործողություններ չեն լինի»,- նշեց Սահակյանը՝ հստակեցնելով, որ այս մոտեցումներն էլ ունեն հստակ բաղադրիչներ. «Այս ամենն ունի մի քանի բաղադրիչ. մենք կարող ենք փաստել՝ մեր երկիրը շատ ավելի արագ կարող է զարգանալ, երբ մենք պատերազմական իրավիճակում չենք: Ցանկացած գործարար, երբ ուզում է որևէ տեղ ներդրում անել, նայում է՝ կարո՞ղ է հանկարծ իր կառուցած շենքի վրա որևէ արկ ընկնել և իր կառուցածը դարձնել առ ոչինչ: Մենք ի՞նչ ենք որոշում, գնում ենք պատերազմական ուղիո՞վ, թե՞ սպասում ենք՝ տեսնենք` ինչ կարող է լինել, նաև զարգացման տեմպերն արագացնել: Բայց այդ հարցը լուծելը երբեք հայ ժողովրդի հաշվին, ինքասիրության հաշվին չի կարող լինել»:

Պատգամավորի խոսքով՝ փոխզիջումը ենթադրում է փոխադարձ զիջում, ոչ թե պարզապես զիջում: «Հիմա մեր թշնամի երկիրը` մեր հարևան Ադրբեջանը, ինքն իր ծուղակի մեջ է ընկել: Նրանք սեփական նավթադոլարները թաքցնելու համար իրենց ժողովրդին անընդհատ պատերազմի են պատրաստում: Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ փոխզիջման: Մենք կարող ենք մեր ժողովրդին բացատրել, որ որոշ բաների արդյունքում կարող ենք գնալ փոխզիջման: Փոխզիջում է, երբ Արցախի անկախությունը ճանաչվի, թեկուզ այն մի քանի տարածքների փոխարեն, որոնք կապը Արցախի հետ շարունակելու են պահպանել, և դա անվտանգություն խնդիր չի լինելու, և դա պետք է լինի Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքում»,- ասաց ՀՀԿ-ականը՝ շարունակելով խոսքը. «Եթե նույնիսկ այս պատերազմը տևի հարյուրամյակներ, և Ադրբեջանի դիրքորոշումն էլ այն լինի, որ պետք է ամեն ինչ վերցնի և ոչ մի բան չզիջի, ուրեմն չի լինի»:

Հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ ՀԱԿ-ի փոխզիջումային ծրագիրը ՀՀԿ-ին էլ է հոգեհարազատ, Սահակյանն արձագանքեց. «Չէի ասի, որ ՀԱԿ-ի ծրագիրը մեզ հոգեհարազատ է: Ամեն ինչի գնով երբեք չպետք է գնանք փոխզիջումների: Ես ասում եմ, որ մենք պատրաստ ենք, որպես բանակցող կողմ, նստել սեղանի շուրջ և փոխադարձ զիջումների մասին խոսել: Փոխզիջումը լայն հասկացություն է: Դրա մեջ մի փոքրիկ քայլը, դետալը կարող է ողջ գործընթացին վնասել: Նյուանսներ կան, որ կարող են չհամընկնել»:

Նա նաև նշեց, որ ՀԱԿ-ի հայտարարած փոխզիջման որոշ դրույթներ իր համար անընդունելի են: «Մենք ասում ենք՝ պատրա՞ստ եք Արցախը ճանաչել, նրանք ասում են՝ այո, բայց թե ո՞ր սահմանների շուրջ, դա էլ եկեք քննարկենք: Բայց երբ ասվում է՝ Արցախը երբեք չի կարող անկախ լինել, այստեղ բոլոր բանակցությունները սպառվում են: Յուրաքանչյուր փոխզիջում ավելի շատ մեր բոլորի բարոյական խնդիրն է, որովհետև մենք ունենք Եռաբլուր. արյան գնով ձեռք բերված հողը զիջելը հեշտ չէ, որևէ մեկը պատրաստ չէ հենց այնպես զիջել ու ասել՝ խնդիրը կարգավորվեց: Պետք է հասկանալ առաջնահերթությունը, գինը»,- ընդգծեց պատգամավորը՝ հստակեցնելով. «Եթե մենք փոխզիջման պատրաստ չենք, էլ ինչո՞ւ ենք բանակցում: Հարցն այլ բան է: Այդ փոխզիջումը եթե այդքան հեշտ լիներ ու այդ ամենը կարգավորելը՝ ևս, այսքան ամիսներով, տարիներով չէին գնա բարձրակարգ դիվանագետներն ու մեր ղեկավար այրերը բանակցեին, կասեին` դե լավ, սա ձեզ, սա մեզ, և վերջ»: