կարևոր
2482 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 12:08
Քաղաքական

Հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է․ Բլինքենը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է․ Բլինքենը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված բանակցությունների վերաբերյալ։ Բլինքենը հայտարարել է, որ կողմերը ինտենսիվ քննարկումներից հետո էական առաջընթացի են հասել բարդ խնդիրները լուծելու հարցում։

«Այս շաբաթ ես հյուրընկալեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Երկկողմ և եռակողմ ինտենսիվ ու կառուցողական քննարկումներից հետո կողմերը էական առաջընթացի են հասել բարդ հարցերը լուծելու հարցում։ Երկուսն էլ անկեղծ հավատարմություն են դրսևորել հարաբերությունների կարգավորմանն ու  երկու երկրների միջև  երկարատև հակամարտությունը դադարեցմանը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենի խոսքով՝ և Հայաստանը, և Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է վերադառնալ իրենց մայրաքաղաքներ, իրենց կառավարությունների հետ կիսվել մտքերով այն մասին, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է։

«Նրանք շարունակելու են ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը և մասնակցությունը ամուր և տևական խաղաղության հասնելու իրենց ջանքերում»,- եզրափակել է Բլինքենը։