կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 21:45
Աշխարհ

Միասնաբար հանդես ենք գալիս հօգուտ ՆԱՏՕ-ի և վերահաստատում ենք մեր աջակցությունը դաշինքին. Թերեզա Մեյ

Միասնաբար հանդես ենք գալիս հօգուտ ՆԱՏՕ-ի և վերահաստատում ենք մեր աջակցությունը դաշինքին. Թերեզա Մեյ

Սպիտակ Տանն այսօր տեղի ունեցած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից ասուլիսի ընթացքում Թրամփն ընդգծեց ամերիկա-բրիտանական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, ողջունեց Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից և ընդգծեց, որ Brexit-ը կվերականգնի բրիտանացիների ինքնությունը և հնարավորություն կտա գործել առանց երրորդ կողմի վերահսկողության: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Ազատ և անկախ Բրիտանիան օրհնանք է, և մեր հարաբերությունները երբևէ չեն եղել այսքան ամուր»,- ասաց նախագահ Թրամփը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորեց նախագահ Թրամփին ընտրություններում հաղթելու առթիվ և շնորհակալություն հայտնեց երդմնակալությունից հետո կարճ ժամանակում հրավերք ուղարկելու համար, որը նա դիտարկում է որպես առանձնահատուկ հարաբերությունների դրսևորում:

Թերեզա Մեյը նշեց, որ իրենք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, ԴԱԻՇ-ի վերացման հարցում ՆԱՏՕ-ի դերի կարևորության հարցերը: «Մենք միասնաբար հանդես ենք գալիս հօգուտ ՆԱՏՕ-ի որպես միասնական պաշտպանական պլատֆորմի և վերահաստատում ենք մեր աջակցությունը դաշինքին: Սակայն պետք է վստահ լինենք, որ ՆԱՏՕ-ն իր հերթին պատրաստ է պայքարել ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ, և ես համաձայնել եմ շարունակել ջանքեր գործադրել խրախուսելու, որ մեր եվրոպացի գործընկերները իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը տրամադրեն պաշտպանության ծախսերին»,- ասել է վարչապետ Մեյը:

Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների ընթացքի, ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ նախատեսված հեռախոսազրույցի և պատժամիջոցների հնարավոր վերացման մասին՝ լրագրողների հարցերին նախագահ Թրամփի ու վարչապետ Մեյի պատասխաններում առկա էին որոշ տարաձայնություններ: Նախագահ Թրամփի կարծիքով դեռ շուտ է խոսել պատժամիջոցների վերացման մասին, սակայն նա չբացառեց դրանց վերացումը լավ հարաբերությունների հաստատման դեպքում:

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ պատժամիջոցները պետք է պահպանվեն մինչև ամբողջապես իրականացվեն Մինսկի համաձայնագրի կետերը Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ: