կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 10:07
Առանց Կատեգորիա

Հրամանատարը

   Հրամանատարը

Նոյն ամենալավը կարողանում էր կարտոֆիլ տապակել, ինքն ասում էր՝ «կարտոշկի ժարիտ»: Նրան էլ ասում էինք՝ Նոյ, անունն Արշակ էր, Նոյեմբերյանից էր: Նոյը մեր մարտական հենակետի խոհարարն էր, տղերքից, ով կարդացել էր «Տասնհինգամյա նավապետը», Նոյին ասում էին նաեւ «կոկ», իսկ ով չէր կարդացել, հարցնում էր, թե «կոկն» ինչ է:

Վեց հոգով էինք, ոչ մի սպա, հակառակորդը՝ մի քանի մետր հեռավորության վրա` բարձունքում, մենք՝ ձորի մեջ, համատարած անտառների մեջ: Մեր ու հակառակորդի մեջտեղում անտառը՝ կուսական, մարդու ոտք չդիպած. ո՞վ է գժվել գնա մեր ու հակառակորդի մեջ: Մեզանից ոչ ոք մեդալ չստացավ, ոչ էլ շնորհակալագիր, պետք էլ չէր, ի՞նչ էինք անում որ, սահման էինք պահում, «ժարիտ» էինք ուտում... «ժարիտ» էինք ուտում, սահման էինք պահում, ռադիո էինք լսում` ադրբեջանական, քանի որ հայկականներից ոչ մեկը այդ տեղում չէր բռնում: Մենք Հայաստանի Հանրապետությունում էինք:

Նոյի հորն ադրբեջանցիները սպանել էին` հենց որդու աչքերի առջեւ: Իրենց գյուղում դաշտը հնձելիս են եղել, մեկ էլ` կրակոց, Նոյը թեքվել է ու տեսել, որ հայրն ընկավ: Հայրն անգամ ղարաբաղյան պատերազմի ժամանակ չէր ընկել, վիրավորվել էր՝ ձեռքից, բայց չէր ընկել, բայց մի մեդալ անգամ չէր ստացել, ոչ էլ` շնորհակալագիր: Նոյը չէր սիրում այդ օրվա մասին խոսել, փոխարենը ծառայության երկու տարվա մեջ ամառային այդ օրը, երբ նրա հայրն ընկել էր, նա վերցնում էր իրեն կցված զենքն ու կրակում թշնամու ուղղությամբ, միայն` մի կրակոց: Դե, խախտում էր հրադադարի ռեժիմը, ինչպես կասեր Մինսկի խումբը՝ առանց հասկանալու, թե ինչու: Մենք հասկանում էինք…

Այդ օրը Նոյը սովորականի պես ակտիվ չէր: Վաղ առավոտյան, կրակի մոտ նստած խառնում էր այն, կրակի վրա ոչինչ չէր եփվում: Պարզվեց` կարտոֆիլ չունենք: Որոշեցինք իջնել գյուղ եւ գյուղացիներից կարտոֆիլ խնդրել՝ «ժարիտի» համար: Հերթափոխից ազատներս գնացինք գյուղ եւ առաջին իսկ պատահած դուռը ծեծեցինք… Հետդարձի ճանապարհը դժվար էր, ծանր, բացի կարտոֆիլից բերում էինք մեղր, կաթ, մածուն, անգամ` վարունգ ու պոմիդոր: Կարտոֆիլը բոլորս մաքրեցինք, տղերքից մեկը սալաթի գործը վերցրեց իր վրա, Նոյը «ժարիտը» դրեց կրակին, երբ հերթապահող տղերքից մեկը բղավեց. «Տղե'րք, մարդ ա գալիս, ոնց որ աֆիցեր ա…»:

 Կաթ-մածունը հավաքեցինք, «ժարիտը» չհասցրեցինք, վարունգ-պոմիդորն էլ: Պարզվեց` եկողը մեր դասակի հրամանատարն է, մեզանից շատերից (ովքեր բարձրագույն ավարտ էին) փոքր, լեյտենանտ, անունը չեմ տա, անունը չեմ հիշում, անունը մոռացել եմ՝ նրա օգտին: Միայն «ժարիտը» թողեց, պոմիդոր-վարունգը համարեց հակաբանակային, կանոնակարգին հակասող եւ դեն նետեց, կաթ-մածունը գտավ եւ թափեց: Ու խոսում էր, չէր հայհոյում չէ, բանակում չեն հայհոյում՝ ըստ կանոնակարգի, ինչպես վարունգ-պոմիդոր չեն ուտում, այնպես էլ չեն հայհոյում… «Մի բաժակ կոֆե դիր, արա'»,- դիմելով Նոյին` ասաց մեր դասակի հրամանատարը: Նոյը դրեց, դիտմամբ շատ քաղցր, չնայած բոլորս էլ գիտեինք, որ դասակի հրամանատարը սուրճը դառն է խմում: «Էս ի՞նչ կոֆե ա, արա'»: «Քաղցր, պարո'ն լեյտենանտ, քաղցրությունը բոլորիս էլ պետք ա»,- ասաց Նոյ: Մենք այդ պահին դեռ չէինք հասկանում, թե ինչու այդքան տխուր հայացքով եւ արցունքոտ աչքերով: «Բախտդ բերեց, ուշանում եմ, թե չէ կաշիդ կքերթեի»,- ասաց մեր անմիջական հրամանատարը:

Կանոնակարգով կաշի քերթել, իհարկե, կարելի է, բայց` թշնամու կաշին: Գնաց, դա լավ իրադարձությունն էր, բայց «ժարիտը» կրակին վառվեց, դա էլ վատ իրադարձությունն էր: Բոլորս ասացինք, որ բոլորս էլ վառած «ժարիտ» սիրում ենք. ոչ ոք վառած ժարիտ չէր սիրում, բոլորս էլ սիրում էինք Նոյին, իսկ նա թաքուն արտասվում էր:

«Ի՞նչ ա եղել, Նո'յ»: Չէր ասում:

Մթնեց, մեզ այդ օրն էլ ոչ ոք հերոսի կոչում, մեդալ, շնորհակալագիր չտվեց, ու պետք էլ չէր, ինչի՞ համար, «ժարիտ» անելո՞ւ, ավելի ճիշտ՝ «ժարիտը» վառելո՞ւ, թե՞ կանոնակարգին հակասող վարունգ-պոմիդոր ուտելու, ավելի ճիշտ՝ դրա փորձի, ես կասեի՝ հանդգնության:

Հիմք չկար մեզանից որեւէ մեկին պարգեւատրելու, հասկանո՞ւմ եք, իսկ զինվորին պարգեւատրելու համար հիմք է պետք: Ավելի շատ մթնեց, օրն էլ, Նոյի դեմքն էլ, «ժարիտը» կերանք, իհարկե, անգամ նրանք, ովքեր «ժարիտը» միայն կետչուպով են ուտում, քանի որ բանակում նման մարդ չկա, ով ժարիտը միայն կետչուպով ուտի: Հերթափոխից ազատներով կրակի դիմաց նստած հարցուփորձ էինք անում Նոյին, թե` ախպե'ր, բայց ի՞նչ ա եղել, ինչի՞ ես նեղված: Նոյը լուռ էր:

Հանկարծ հերթապահող տղերքից մեկը այդ օրը երկրորդ անգամ բղավեց. «Տղե'րք, մարդա գալիս, ոնց որ Ջանվելյանն ա»: Ջանվելյանն ավելի լուրջ էր, Ջանվելյանը մեր վաշտի հրամանատարն էր, այսինքն` ե'ւ մեր հրամանատարն էր, ե'ւ մեր դասակի հրամանատարի հրամանատարն էր, կապիտան: Զգաստ կանգնել էինք: Ջանվելյանի ձեռքին մի բան կար, մթության մեջ դեռ լավ չէր երեւում, թե ինչ: Հերթով բարեւեց բոլորիս, հետաքրքրվեց իրավիճակից, թշնամու ակտիվության մակարդակից, հարցրեց, թե ովքեր են այս պահին հերթափոխի, բոլորս ապշած պատասխանում էինք, ապշած, քանի որ Ջանվելյանի ձեռքին կիթառ էր, մենք կիթառին էինք նայում: Մոտեցավ Նոյին, գրկեց նրան…

Այդ օրը Նոյի` մեր ընկերոջ ծննդյան օրն էր, ոչ մեկս չգիտեինք, ո՞ւմ մտքով կանցնի թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա ընկերոջից հարցնել, թե երբ է ծնվել, ո՞ւմ է դա պետք… Ջանվելյանն իմացել էր, թեև ավելի ճիշտ կլինի ասել՝ չէր մոռացել, նա մոռանալ չուներ` ո'չ վատը, ո'չ լավը: Հրամայեց` նստենք, բայց այնպիսի ձայնով, որ ասես խնդրելուց լիներ: Եվ սկսեց երգել, կիթառով նվագել եւ երգել` Նոյի համար, իր զինվորի համար, մեզ համար, իր զինվորների համար, թշնամու քթի տակ, թշնամու «ինադու»:

 Մենք երբեք մեր հրամանատարին երգելիս եւ նվագելիս չէինք տեսել, մենք առհասարակ երգող եւ նվագող հրամանատար չէինք տեսել: Նա հայրենասիրական երգ չէր երգում, անգամ` հանրահայտ  «Մարտիկի երգը» չէր երգում, նա երգում էր հայերեն մեզ անծանոթ մի երգ, որից Նոյը ոչ թե արտասվում էր, այլ բարձրաձայն լալիս էր: Նա չէր դադարում…

Հետո իմացանք, որ այդ երգը Նոյի հոր սիրելի երգն է եղել, հետո եւ մինչեւ հիմա մենք չիմացանք, թե Ջանվելյանը որտեղի՞ց է իմացել, որ հենց այդ երգն էր Նոյի հոր սիրելի երգը եղել, որտեղի՞ց է իմացել, որ ամեն տարի Նոյի ծննդյան օրը հայրը հենց այդ երգն է երգել՝ որդու համար… Երգելուց հետո Ջանվելյանը տղերքից մեկին խնդրեց, որ իր ուսապարկը բերի: Բացեց եւ սեղանին դրեց մի երկու կիլոգրամի չափ պոմիդոր եւ վարունգ, ինչպես նաեւ կաթ ու մածուն. «Տնից եմ բերել, եկեք հաց ուտենք»:

Հետո հերթափոխից եկած տղերքը հաց կերան, Ջանվելյանն այդ գիշեր մնաց մեզ հետ, մեկ ժամ քնեց տախտակի վրա, ինչպես բոլորս, եւ երբ նա քնած էր, բոլորս լուռ էինք: Առավոտյան ժպտերես Նոյը քաղցր սուրճ պատրաստեց Ջանվելյանի համար, բոլորս էլ գիտեինք, որ նա սուրճը քաղցր է սիրում:

… Ջանվելյանին հերոսի կոչում չեն տվել, ոչ էլ մեդալ, ոչ էլ շնորհակալագիր, պետք էլ չէ, ինչի՞ համար: Հո զինվորի ծնունդը հիշելու, զինվորին պոմիդոր-վարունգ բերելու, նրա հոր սիրած երգը նրա համար երգելու, կիթառ նվագելու համար սպային մեդալ չեն տալիս:

 Իսկ հայոց բանակում քանի՞ Ջանվելյան կա, քանի՞ հոգի կա, որ կռվել է, բայց դեռ պիտի ապացուցի, որ կռվել է, քանի՞սը կան, որ չեն կռվել, բայց ապացուցված է, որ կռվել են, քանի՞ մեդալ չստացած, անշնորհակալագիր տղերք կան, որոնք պատերազմ են տեսել, դրա համար էլ պատերազմի մասին չեն խոսում, եւ քանի՞սը կան, որ պատերազմ չեն տեսել, դրա համար էլ ամեն օր պատերազմում են իրենց սեփական քաղաքներում, իրենց սեփական ժողովրդի դեմ…

Ո՞ւմ մասին ենք մենք այսօր խոսում, ո՞ւմ հետ ենք հարցազրույցներ անում, իսկ ո՞ւմ ենք մենք մոռանում եւ ինչե՞ր ենք մոռանում…

Բայց զինվորը մեզ հարցազրույց չի տա, զինվորը մեզ իր հոգսերն ու խնդիրները չի պատմի…Եբրայերենում մի սիրուն բառ կա՝ «լեհախառիշ», նշանակում է՝ լռելու ժամանակը: Զինվորի համար միշտ «լեհախառիշ» է, իսկ ով զինվոր չէ՝ բանակի հետ կապ չունի, իսկ ով զինվոր է՝ շնորհավոր եւ… շնորհակալություն:

Հովիկ Աֆյան

28.01.16թ.