կարևոր
9565 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-31 19:51
Հասարակություն

Անձնվեր հրամանատարը`Գեղամ Հովհաննեսի Գեղամյան

Անձնվեր հրամանատարը`Գեղամ Հովհաննեսի Գեղամյան

-Գեղամը  ավելի շատ իմ տղան էր քան իմ հարևանի,- այսպես է արտահայտվում սեպտեմբերյան մարտերին անմահացած ապարանցի մայոր Գեղամ Գեղամյանի մասին իր բնակարանի շքամուքում բնակվող տատիկը:

Գեղամ Հովհաննեսի Գեղամյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 6-ին Ապարան քաղաքում` Հովհաննես և Սոֆիկ Գեղամյանների ընտանիքում: Մանկությունից աչքի էր ընկնում համարձակ բնավորությամբ և ֆիզիկական ամրությամբ: Դպրոցական տարիներին զբաղվում էր ֆուտբոլով:

1994 թվականին ավարտում է Ապարանի թիվ 1 հիմնական դպրոցը, մեկ տարի անց զորակոչվում պարտադիր ժամկետային զինծառայության, որի ավարտից հետո ևս երկու տարի` որպես պայմանագրային զիծառայող, շարունակում է  ծառայությունը  զինված ուժերում: Ապա կարճ ժամանակ զբաղվում է արտագնա աշխատանքով, բայց հայրենի հողի կանչը զորեղ գտնվեց:

2003 թվականից Գեղամը կրկին  վերադառնում է ծառայության` շարքայինից դառնալով նախ դասակի հրամանատար, ապա անցնում է հրամանատարական բոլոր օղակներով`  հասնելով ընդհուպ գումարտակի հրամանատարի աստիճանի:

Դրան զուգահեռ բարձրացնում է իր կրթական ցենզը`2003-2005 թթ սովորելով Երևանի իրավատնտեսագիտական քոլեջը:

2019 թվականին էլ անցնում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական կենտրոնի լրիվ դասընթացը գումարտակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի որակավորմամբ:

Ծառայակից ընկերների համար  մինչև հիմա հանելուկ է, թե ինչպես կարելի է մեկ անձի մեջ համատեղել այդքան խստապահանջությունը և մեծ հոգատարությունը իր ենթակաների հանդեպ:

Բացառիկ կարգապահ հրամանատարը  ծառայության ընթացքում կատարում է բազմաթիվ բարդ մարտական առաջադրանքներ: 44-օրյա պատերազմի օրերին Գեղամին ղեկավարած ստորաբաժանմանը վստահված էր Օմարից դեպի աջ ընկած «Աղդակ 01» ռազմավարական կարևորագույն դիրքը:  Պատերազմի օրերին այն պարբերաբար ձեքից ձեռք է անցնում, հայկական ուժերը այն վերջնական վերադարձնում են Գեղամի անմիջական մասնակցությամբ, որից հետո թշնամին այդ դիրքի ուղղությամբ այլևս չի փորձում որևէ քայլ անել:

2020-ի նոյեմբերյան զինադադարից  և Քարվաճառի հանձնումից հետո Գեղամն իր ստորաբաժանման հետ տեղափոխվում է Ջերմուկի պաշտպանական դիրքեր և շարունակում է անձնվեր ծառայությունը:

2022-ի սեպտեմբերի 13-ին Գեղամը ցույց է տալիս հերոսական մաքառումի ևս մեկ օրինակ: Այդ օրը թշնամու դավադիր առաջին հարվածները հասցվում է այն դիրքին, որը պաշտպանում էին Գեղամն ու իր գումարտակը:  Հրամանատարը իր մարտիկների հետ մարտը ընդունում է գնդացրային և ավտոմատային կրակով:  Հաջողվում է ձեռքի տակ եղած միջոցներով զգալի վնաս հասցնել  մինչև ատամները զինված թշնամուն, սակայն զգացնել է տալիս  նրանց թվական գերազանցությունը:

Զգալով մոտալուտ վտանգը` հրամանատարը տալիս է վերջին հրամանը.

-Տղանե'ր ես կրակը կվերցնեմ իմ վրա  դուք փորձե'ք շրջափակումից դուրս գալ քանի դեռ չի լուսացել: Դուք դեռ շատ եք ջահել, ափսոս եք:

 - Փրկվելիս չմոռնա'ք ընկածներիս...

Լինելով սիրող ամուսին և հոգատար հայր` ծառայողական խիտ գրաֆիկի պատճառով  ընտանիքի հետ քիչ էր լինում, բայց դրա համար ժամանակ, անշուշտ, գտնում էր:

-Ընտանիքի հետ ժամանցի համար կտրում անցնում էր Քարվաճառից Ապարան ձգվող ութժամյա ճանապարհը: Հաճախ կազմակերպում էր այցելություններ Հայաստանի տեսարժան վայրերից մեկը: Հատկապես շատ էր սիրում բարձրանալ Լուսագյուղի Վերին Վանք, իսկ տուն վերադարձի ճանապարհին պարտադիր այցելում էր Ապարանի Վերածնունդ հուշահամալիր,- հիշում է կինը` երկարամյա մանկավարժ Արև Հովհաննիսյանը:

 Ապարանցի շատ քաջեր էին անմանցորդ կապվել հայոց Քարվաճառին, Գեղամը ևս բացառություն չէր: Քարվաճառի ամեն  թփի ու քարի հետ կապված էր սրտով, որի կորուստը Գեղամի հոգում բաց վերքի էր նմանվել:

 Հայրենասիրության և հայրենիքի համար պայքարելու մասին պաթոս բառեր երբեք չէր օգտագործում նախընտրում է գործով ցույց տալ:

  • Զարմանալի էր, բայց հենց գալիս էր տուն հասցնում էր շփվել գրեթե բոլոր հարևանների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, որոշ հարցերում անգամ հասցնում էր օգնության ձեռք մեկնել: Հաճախ, երբ այստեղ չէր լինում տղան` Հովիկն էր փոխարինում իրեն,- հիշեցին նույն շքամուտքում բնակվող հարևանները:          

Մհեր Համբարձումյան