կարևոր
24223 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-25 16:40
Աշխարհ Տարածաշրջան

Ինը անգամ մահից փրկված «հյուրը»․ ո՞վ է «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողության առեղծվածային հրամանատարը

Ինը անգամ մահից փրկված «հյուրը»․ ո՞վ է «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողության առեղծվածային հրամանատարը

Պաղեստինյան հարձակման առաջին իսկ ժաներին, ՀԱՄԱՍ-ի հեռուստաալիքը հրապարակեց ձայնագրված հայտարարություն։ «Բավ է այլեւս» ,-ասում էր տեսանյութում պատկերված անհայտ ֆիգուրն ու հայտարարում  «Ալ-Աքսայի փոթորիկ» օպերացիայի մեկնարկը։ Ըստ Reuters-ի, նա Մուհամեդ ալ-Դեյֆն էր։

Իսրայելի մղձավանջն ու Պաղեստինի հերոսը մեկն է հազարավոր այն երեխաներից, որոնք ծնվել են Գազայի Խան Յունիս ճամբարում։ Ծննդյան վկայականում անունը «Մուհամեդ Դիաբ Իբրահիմ ալ-Մասրի» է, սակայն տասնամյակներ շարունակ ոչ մեկն այս անունը չի օգտագործել։  Գազայի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի բնակիչները նրան տվել են «Մուհամեդ ալ-Դեյֆ» մականունը։ «Ալ Դեյֆ» արաբերեն «հյուր» է նշանակում։ Դեյֆը մի տեղ երկար չի մնում, ամեն գիշեր նոր վայրում է անցկացնում։

60-ամյա հրամանատարը սովորել է Գազայի Իսլամական համալսարանում։ Ուսանողական տարիներին նա հայտնի էր թատրոնի հանդեպ իր սիրով եւ նույնիսկ բեմական խումբ է ստեղծել։ Հետո միացել է «Էխվան օլ մոսլեմին» կազմակերպությանը, որից էլ ծնունդ է առել ՀԱՄԱՍ շարժումը։ 1989 թվականին` պաղեստինյան առաջին ապստամբության ժամանակ Իսրայելը ձերբակալել է նրան։ Մոտ մեկ ու կես տարի անցկացրել է բանտում, հետո ազատ է արձակվել, վերադարձել Գազա։ Միացել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւին ու սովորել՝ ինչպես ռազմական գործողություններ նախագծել։

Իսրայելը նրան մեղադրում է 1995-ից սկսած մի քանի ահաբեկչությունների կազմակերպման համար, որոնց հետեւանքով տասնյակ իսրայելցիներ են զոհվել: 2000 թվականին պաղեստինյան ազգային վարչությունը ձերբակալել է նրան, սակայն երբ սկիզբ է առնել պաղեստինյան երկրորդ ապստամբությունը, նրան հաջողվել է փախչել բանտից։ 2002 թվականին դարձել է ՀԱՄԱՍ-ի «Էզեդին Ալ-Քասամ բրիգադների» ղեկավարը, այն բանից հետո, երբ Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սալահ Շեհադեին։ Դառնալով ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը՝  Մուհամեդ ալ Դեյֆն սկսել է բուն գործունեությունը։

Մինչեւ 2020 թվականը նրա դեմ առնվազն յոթ մահափորձ է տեղի ունեցել։ Ամենալուրջ փորձը եղել է 2002-ի սեպտեմբերի վերջին։ Այն ժամանակ Իսրայելը խոստովանել էր, որ ալ-Դեյֆի փրկությունը հրաշք է եղել։ Գործողության ընթացքում իսրայելական ուղղաթիռները ռմբակոծել են մի խումբ մեքենաներ Գազայի Շեյխ Ռեզվան թաղամասում։ Սկզբում Իսրայելը հայտարարել էր, որ նա սպանվել է, սակայն ավելի ուշ ուղղել էր հայտարարությունը։ Հարձակման հետեւանքով Դեյֆի մի աչքը կուրացել է։

2014 թվականի պաղեստինա-իսրայելական 51-օրյա պատերազմի ժամանակ, նրա դեմ անհաջող մահափորձ է տեղի ունեցել։ Կինն ու երկու երեխաները սպանվել են Գազայում իրենց տան վրա Իսրայելի ավիահարվածի հետեւանքով, որի նպատակը նրան վերացնելն էր: «Ինը կյանք ունեցող կատու» մականունը ստացած Մուհամեդ ալ Դեյֆը այդ պահին շենքում չի եղել ու փրկվել է՝ հայտնվելով լրատվամիջոցների ուշադրություն կենտրոնում։ Հարձակման հետեւանքով կորցրել է քայլելու ունակությունն ու հայտնվել անվասայլակին։

Վերջին 20 տարում նրանից որեւէ լուսանկար չի հրապարակվել։ Գոյություն ունեն ընդամենը մի քանի աուդիո ֆայլեր։ Ավելի քան 30 տարի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նրան ճանաչել է ուղղակի սպառնալիք իր ներքին անվտանգության համար, իսկ 2015-ից  նրան ընդգրկել է ահաբեկիչների ցուցակում։ Իսրայելը նրան համարում է իր թիվ 1 թշնամին, մոտ երեք տասնամյակ է հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ։