կարևոր
3340 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 16:51
Հասարակություն

ՊՆ զորամասի հրամանատարը յուրացրել է զորամասին հատկացված դիզվառելիքը

ՊՆ զորամասի հրամանատարը յուրացրել է զորամասին հատկացված դիզվառելիքը

Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ս.Ե.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված ընդհանուր 2 մլն 441 հազար 985 դրամ արժողությամբ 4 հազար 515 լիտր ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս.Ե.-ն, պաշտպանության նախարարի 2016 թվականի հրամանով նշանակված լինելով N զորամասի հրամանատար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի ու դիզելային վառելանյութի կտրոնները խոշոր չափերով յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ՝ 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը՝ քննությամբ չպարզված օրերին, ապօրինաբար, առանց փաստաթղթավորման զորամասի գույքային ֆոնդից դուրս  է բերել և յուրացրել է նույն զորամասին հատկացված, իրեն վստահված 4 հազար 515 լիտր «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ, որոնց մի մասը հանձնել է որպես բնակարանի վարձակալության վճար, իսկ յուրացրած կտրոնների մի մասն էլ վաճառել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի, ընդհանուր՝ 2 մլն 441 հազար 985 դրամի գույքային վնաս։

Նշվածը հաստատվել է Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի նոյեմբերի 16-ի մեղադրական դատավճռով (նախաքննության ընթացքում զորամասի հրամանատարը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է  խոստովանական ցուցմունք, զղջացել է կատարած արարքի համար և վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն 442 հազար դրամի չափով):   

Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: