Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկին ՄԻՊ, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ դեմ էր արտահայտվել Սեյրան Օհանյան-«Համախմբում» կուսակցություն համագործակցությանը, որովհետև Սեյրան Օհանյանը դեռ չի անցել քաղաքական կամ իրավական քավարանով, և որ Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը կարող է տանել պարտության:
«Համախմբում» կուսակցությունը, ի պատասխան, նշել էր, որ Կարեն Անդրեասյանի առարկությունը կրել է մասնավոր, անձնական բնույթ և որևէ գաղափարական, քաղաքական, աշխարհաքաղաքական հենք չունի:
Yerkrir.am-ի հետ զրույցում Կարեն Անդրեասյանը նշեց` դեմ է, որ իշխանափոխության ձգտող ուժը ղեկավարի Սեյրան Օհանյանը` առանց անցնելու քաղաքական կամ իրավական քավարանով:
Մեր հարցին` իսկ անկախ Հայաստանի պատմության մեջ եղե՞լ է դեպք, որ որևէ պաշտոնյա անցնի քաղաքական քավարանով, զղջա և այլն, նա պատասխանեց, որ նման դեպք եղել է` Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին 10 տարիներին մտածել է, գրել, վերաիմաստավորել:
«Շատ մարդիկ ինչ-որ դադար են վերցնում, որ թեկուզ հասկանան իրենց քայլերը, խնդիրները: Եվ այն մարդիկ, ովքեր սկսում են ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, ինչ-որ իմաստով անցնում են այդ քավարանով: Այո, շատ մասնավոր է և անձնական: Ես պատրաստ չեմ լինել մի խմբում, մի քաղաքական թիմում, որն այսօր ղեկավարում է իր ընդդիմադիր ճանապարհը դեռ չանցած գործիչը` Սեյրան Օհանյանը»,- ասաց Անդրեասյանը:
Հարցին, թե արդյո՞ք տարակարծությունը նշանակում է, որ դուրս է գալիս «Համախմբում» կուսակցությունից, նա պատասխանեց, որ դեռ նման բան չի ասել, բայց երբ կուսակցությունը, չանսալով իր այդ առարկությանը, պաշտոնապես կհայտարարի դրա մասին, և մեծամասնությունը կորոշի մի ուղի, որի հետ ինքը համաձայն չէ, ուրեմն ճանապարհները կբաժանվեն` միանշանակ:
Միաժամանակ, Կարեն Անդրեասյանը նշեց, որ անձնական բնույթի խնդիր Սեյրան Օհանյանի հետ չունի, հակառակը` եթե առաջնորդվեր անձնական հարաբերություններով, ապա պետք է ցանկանար, որ Սեյրան Օհանյանը առաջնորդի իրենց ճանապարհը, քանի որ ժամանակին եղել են մարդկային ու աշխատանքային լավ հարաբերություններ: