Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումն ուղեկցվեց ոչ միայն ՀՀԿ-ականների կողմից ՄԻՊ-ի դատափետմամբ, նրան հեգնելով ու ծաղրելով, այլ նաև ինտրիգներով ու հուզական, դրամատիկ վերջաբանով: Եզրափակիչ ելույթում Կարեն Անդրեասյանն ասաց այն, ինչ մտածում է՝ առանձնացնելով 131 պատգամավորներից միայն մեկին, ով, նրա կարծիքով, պատվեր է կատարում և գործում անբարո:
«Ես ուզում եմ դիմել իմ աշխատակազմին, այն բազմաթիվ քաղաքացիներին, լրագրողներին, ովքեր գրում են, որ ես ծանր չտանեմ այս ամենը: Ես ինձ վատ չեմ զգում, ֆիզիկապես, հոգեպես ես ամուր եմ: Ծանր էր ոչ թե քննադատությունը, ոչ թե շատ խելացի խորհուրդները, այլ անարդարությունը: Անկեղծ ասած՝ ես չեմ պատրաստվում հակադարձել հանգավորված ուղղորդումներին»,- ասաց Անդրեասյանը:
Նա նշեց, որ ինքը չունի թիմ, որը կարող է պատասխանել այստեղ հնչած քննադատություններին, չունի թիմ, քանի որ ինքը ընդդիմադիր և իշխանական խաղերում չէ: Նրա խոսքով՝ մի պատգամավոր առանձնացավ բոլորից, որովհետև նրա ելույթը հեռու էր էթիկայի և բարոյականության նորմերից:
«Քննադատությունն ունի սահման և բարոյականություն: Անբարոյական է, անմարդկային այդ պատգամավորի վրդովմունքն առ այն, որ մենք զեկույցում գրել ենք, որ միջատները գիշերները կծոտում են կալանավորներին: Եթե այդ պատգամավորը մեկ գիշեր անցկացնի այդ խցում, կիմանա՝ ինչ է միջատների ազդեցությունը: Սա ոչ թե անեծք է, ոչ թե նզովք է, այլ մտահոգություն»,- ասաց օմբուդսմենը:
«Այդ պատգամավորը, իմ պատկերացմամբ, անում է ոչ բարոյական աշխատանք և կատարում է որոշակի պատվեր: Ես անձնական թշնամանք չունեմ այս դահլիճում գտնվող ոչ մեկի հետ, նույնիսկ՝ այդ պատգամավորի, բայց կա մեկը, ում ոտքը ես տրորել եմ: Ես գիտեմ, թե ով է նրան անբարո պատվեր իջեցրել»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Նշենք, որ ելույթից հետո Կարեն Անդրեասյանն այլայլված դեմքով արագ լքեց ԱԺ-ն՝ չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին: