կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 15:27
Տարածաշրջան

«Ախպարի’կ, մեր գլուխը բարձր է, ինչպես կցանկանայիր տեսնել դու». Դեմիրթաշի նամակը՝ բանտից

«Ախպարի’կ, մեր գլուխը բարձր է, ինչպես կցանկանայիր տեսնել դու». Դեմիրթաշի նամակը՝ բանտից

Այսօր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ «Ակօս» թերթը հատուկ բաժին է հատկացրել՝ հրապարակելով 24 հոգու կողմից գրված նամակներ: Այդ մարդիկ Դինքի կենդանության օրոք ճանապարհ են անցել, հանդիպել նրա հետ:

Հրանտի մահվան տարելիցի կապակցությամբ նամակ է գրել նաև թուրքական իշխանությունների կողմից նախորդ տարվա նոյեմբերի 4-ին ապօրինաբար ձերբակալված և մինչ օրս կալանքի տակ գտնվող՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:

Միջանկյալ նշենք, որ Դեմիրթաշը մշտապես եղել է Դինքի ընտանիքի կողքին: Նրա կուսակցությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Դինքի սպանության բացահայտման հարցում: Այս կուսակցության անդամ է նաև Կարո Փայլանը:

Սիլիվրիի բանտիվ ուղարկած նամակում Դեմիրթաշը գրել է. «10-րդ տարին է, ինչ Հրանտ Դինքը հեռացել է մեզանից:  Անցած 10 տարիների ընթացքում, դժբախտաբար, չկարողացանք մեր երկիրը դարձնել ազատ, այնպիսին, որտեղ կարելի է ապրել: Այս պատճառով Հրանտի առջև մեր գլուխը կախ է: Թեև մենք էլ չծնկեցինք:  

Որքան էլ Հրանտին սպանողներն ու նրանց հետևում կանգնածները շարունակում են պաշտպանվել, մենք ճանաչում ենք մարդասպանին, ինչպես ճանաչում ենք Սուրուչի, Անկարայի, Ռոբոսքիի մարդասպաններին… Ինչպես ասում է սիրելի Ռաքելը՝ (խմբ.-Հրանտ Դինքի այրին) «երեխայից մարդասպան ծնող մտածողության» դեմ մեր պայքարը շարունակվում է և շարունակվելու է հարատև: Իմացեք դա:

Ցավում եմ, որ բանտում գտնվելու պատճառով չեմ կարողանալու մասնակցել Հրանտին նվիրված՝ այս տարվա միջոցառումներին: Սակայն, թեկուզ և բանտից, շարունակում եմ Հրանտի համար արդարության իմ պայքարը: Այս սպանությունն ուղղված է ժողովուրդների համատեղ ապրելու դեմ: Հրանտ անձի հետ մեզ թիրախավորեցին, մենք էլ շարունակելու ենք Հրանտ անձով բոլորի արդարությունը որոնելու և այն հաստատելու մեր պայքարը:

Ախպարի'կ, կարոտում ենք, բայց մեր գլուխը բարձր է, ինչպես կցանկանայիր տեսնել դու:

Քեզ հարգանքով եմ հիշում»:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի