Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հարցազրույց է տվել հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիքյանին՝ պատասխանելով օրակարգային հարցերին:
«İpek Koza» մեդիա հոլդինգին պատկանող Bugün TV-ի և Kanaltürk-ի հեռարձակումն այսօր դադարեցնելու մասին Դեմիրթաշն ասել է. «Զոռբայությամբ փորձում են խլել»: Նա հավելել է, որ մեդիա հոլդինգին իր աջակցությունը ցուցաբերելու նպատակով ինքը ևս կմիանա հոլդինգի շենքի առջև հավաքվածներին:
Անկարայում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ հնչած հարցին Դեմիրթաշը պատասխաննել է, որ այն ժամանակ, երբ ինքն ասել էր՝ «պետությունը ոճրագործ է», բոլորը նեղվեցին, սակայն լրագրողների ջանքով շատ բաներ ի հայտ եկան:
«Իհարկե, պետության ոչ բոլոր ոստիկանները կապ ունեն դրա հետ, սակայն պետության «կեղտոտ երակներն» են այդ գործերն իրականացնում»,- ասել է քրդամետ կուսակցապետը՝ հավելելով, որ Սուրուչում և Անկարայում տեղի ունեցած պայթյունների մեղքն իրենց կուսակցության վրա բարդելու փորձեր են արվում:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք պատկերին: Դեմիրթաշի կարծիքով՝ ընտրություններից հետո կոալիցիա կարող է ձևավորվել, սակայն դեռևս շուտ է ասել, թե որ կուսակցությունների միջև: «Եթե նվազագույն համաձայնության գանք, կոալիցիա կձևավորենք: Կարևորը ներքին և արտաքին խաղաղության փնտրտուքն է: Ըստ երևույթին՝ այդ փնտրտուքը, բացի «Ազգային շարժում» և «Արդարություն և զարգացում» կուսակցություններից, ավելի ուժեղ է այլ կուսակցություններում»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է քրդերի հետ հրադադարի հնարավոր կնքման մասին՝ Դանզիքյանի հարցին, Դեմիրթաշը կտրուկ պատասխանել է. «Միակողմանի ցանկությունը բավարար չէ հրադադարի կնքման համար: Չենք կարող ստիպել, որ այդ ցանկությունը երկկողմանի դառնա»:
Դանզիքյանը հարցազրույցի ընթացքում Դեմիրթաշին հիշեցրել է հայ, հույն, ասորի և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, որի ընթացքում հնչել է «մենք ձեզ ինչպե՞ս վստահենք» հարցը: Ի պատասխան՝ քրդամետ կուսակցության ղեկավարը նշել է. «Ես նմանատիպ հարցերի պատասխանում եմ՝ մի\' վստահեք: Մի\' վստահեք կուսակցության խոսնակներին, փոխարենը՝ ընդգրկվեք պայքարի մեջ: Մեզ վստահելով՝ մի\' քվեարկեք Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին, քվեարկեք, եթե ինքներդ ձեզ եք վստահում»:
Հարցազրույցի վերջում Դեմիրթաշն անկեղծացել է և ներկայացրել իր երկու փոքրիկ դուստրերի՝ ընտրությունների մասին կարծիքը: Դեմիրթաշի խոսքով՝ նրանք այլևս չեն ցանկանում լսել այդ մասին: «Նրանց այլևս չեմ պատմում ոչինչ: Ատում են ընտրությունները: Նրանց ասել եմ՝ նոյեմբերի 1-ից հետո էլ ընտրություններ չեն լինելու, հազիվ համոզվեցին: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի»,- ասել է նա: