Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ստեղծում են հասարակական-քաղաքական միավորում` «Միացյալ հայեր» անունով, որին, ըստ Արշակյանի, միացել է դերասան Հրանտ Թոխատյանը, և որին աջակցելու են նաև սփյուռքահայեր:
Միավորման նպատակը, ըստ հեղինակների, երկրի զորացումն ու անվտանգության ապահովումն է, այն աջակցելու է Սեյրան Օհանյանին, ինչ ֆորմատով էլ նա մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Նրանք առաջարկում են Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել: «Մեր նպատակին հասնելու համար մենք մոդել ենք առաջարկել, որպեսզի մեր ԱԺ-ում վերին պալատ ստեղծվի, որտեղ համամասնորեն պետք է ներկայացվեն պատգամավորներ Սփյուռքի հայաբնակ համայնքներից: Վստահ ենք, եթե կարողանանք համախմբել ազգին, ապա միասին կկարողանանք խնդիրներին լուծում տալ»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
«Միացյալ հայեր»-ի անդամները շեշտեցին, որ Սփյուռքը պատրաստ է աջակցել և ֆինանսներ տրամադրել իրենց:
«Սերժ Սարգսյանը մեզ լսեց, ասաց` գնացեք ձեր գործով զբաղվեք, լավ կլինի` կընդառաջենք, վատ կլինի` ձեր խնդիրն է»,- ասաց Ալեքսանյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցները հարձակում են սկսել Սեյրան Օհանյանի դեմ, և եթե իրենք նախկինում ՊՆ ներկայացուցիչներ են եղել, չի նշանակում, որ պետք է հանդուրժեն այդ հարձակումները. իրենք աջակցում են Սեյրան Օհանյանին, որ «բարձունքներ նվաճեն` հանուն ազգի, հանուն ապագայի»:
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի մեղսակցությանը Մարտի 1-ի իրադարձություններին կամ ապրիլյան պատերազմում ունեցած ձախողումներին, Արթուր Ալեքսանյանը պատասխանեց. «Ինչ որ եղել ա, եղել ա, ինչ որ բացթողումներ եղել են, եղել են, դա մատի փաթաթան չեմ ուզում դարձնել, կարմրել և այլն: Ինչ եղել` եղել ա, պետք է առաջ նայենք»:
Նրա համոզմամբ` այդ իրադարձությունները ցավալի փորձ են ազգի համար, սակայն հիմա պետք է առաջ նայեն: «Մի քիչ էլ դուք զիջողական եղեք, ձեռք բռնեք, աջակցեք, որ ազգին համախմբենք: Եթե վատ գաղափար է, թքեք մեր երեսին, ասեք` էդ ի՞նչ եք անում: Բայց եթե լավն է, ձեռք մեկնեք»,- ասաց Ալեքսանյանը: