կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 15:36
Քաղաքական

Ըստ Սեյրան Օհանյանի` ուղղաթիռը խոցելու հրամանը նախօրոք է տրված եղել

Ըստ Սեյրան Օհանյանի` ուղղաթիռը խոցելու հրամանը նախօրոք է տրված եղել

Ադրբեջանի ՊՆ «Azərbaycan ordusu» («Ադրբեջանական բանակ») պաշտոնաթերթի նոյեմբերի 19-ի համարում լույս է տեսել նույն ամսվա 12-ին հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռը խոցած զինծառայող Իլքին Մուրադովի հետ հարցազրույցը, որում նա ներկայացրել է մի շարք մանրամասներ՝ կապված առաջնագծում գրանցված միջադեպի հետ։ Այս մասին հայտնում է razm.info-ն:

 

Կայքը մեջբերել է Մուրադովի խոսքերը. «Միջադեպից 3 օր առաջ մենք հեռադիտակով նկատեցինք հակառակորդի ուղղաթիռը, որը շատ մոտ էր թռչում մեր դիրքերին։ Առջևում գտնվող լեռան ստորոտից թռավ դեպի թշնամու վարժանքների շտաբ, ինչից հետո կրկին վերադարձավ։

 

Իսկ նոյեմբերի 12-ին ուղղաթիռները թռչում էին ուղիղ մեր դիրքերի ուղղությամբ։ Ես մարտական լրիվ պատրաստության վիճակում էի։ Մենք նախ հեռվից լսեցինք մեզ մոտեցող ուղղաթիռների ձայնը, որից հետո հեռադիտակի միջոցով երկնքում տեսանք դրանք՝ փոքր, սև կետերի տեսքով։ Երկու Մի-24 ուղղաթիռ թռչում էր ուղիղ մեզ վրա:

 

Անմիջապես հաղորդեցինք այդ մասին հրամանատարական կետ, որտեղից ստացանք հրաման՝ ոչնչացնել ուղղաթիռները, եթե դրանք մուտք գործեն մեր հենակետի պատասխանատվության հատված, խախտեն օդային սահմանը։ Ուղղաթիռները, մոտենալավ մեր դիրքերին, կրակ բացեցին ու սկսեցին հարվածել մարտական հենակետերին։ Առաջնագծում տեղակայված մեր զինծառայողները ևս ավտոմատներից ու գնդացիրներից կրակ բացեցին թշնամու տեխնիկայի ուղղությամբ, ու այդ պահին դրանք փոխեցին թռիչքի ուղղությունը դեպի ձախ։ Ես նշանոցի մեջ վերցրեցի հետևից թռչող ուղղաթիռն ու խոցեցի այն»։

 

Եռաբլուրում լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվել են, թե արդյո՞ք ուղղաթիռը խոցելը նախապես ծրագրված էր Ադրբեջանի կողմից: 

 

«Ուղղաթիռի անձնակազմն ուսումնամարզական թռիչքներ է կատարել, և այդ ժամանակ նրանք (նկատի ունի ադրբեջանական կողմին), անկասկած, մարտական պատրաստականությունը բարձրացրել են, և ինձ թվում է նախօրոք է ցուցում տրված եղել»,- ասաց նախարարը: