Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Խնդիրը «Հրապարակ» օրաթերթում տպագրված և մայիսի 21-ին կայքում հրապարակված «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածն է: Ըստ հայցվորի՝ հոդվածը պարունակում է Ռուզաննա Խաչատրյանի իրավունքները խախտող, պատիվն ու արժանապատվությունն արատավորող ու զրպարտող տեղեկություններ և ակնհայտորեն հրապարակվել է հենց այդ նպատակով: Հայցվորը պահանջում է հերքել հոդվածում հրապարակված տեղեկություններն ու հրապարակել իրենց պատասխանը: Նշենք, որ նախարարի կինը լրատվամիջոցի դեմ գումարային պահանջ չի ներկայացրել:
Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ` փաստաբան Կարեն Մեջլումյանի խոսքով՝ իր վստահորդի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտող տեղեկություններ է պարունակում հոդվածի հիշյալ հատվածը. «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին»:
Մեջլումյանի խոսքով՝ վերոհիշյալն ակնհայտ սուտ տեղեկություն է, և անձին քրեական հանցագործության մեջ մեղադրելը զրպարտություն է: «Այո, իրականում վթար տեղի ունեցել է, ինչի արդյունքում մահացել է Հովիկ Հայրապետյանը: Այդ գործով դատապարտվել Աննա անունով մեկը՝ 2003-ի ապրիլին, և որի դատվածությունն արդեն մարվել է»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ խոսքը հայտնի գործարար, օֆշորային մեքենայությունների զոհ դարձած գործարար Փայլակ Հայրապետյանի որդու մահվան մասին է: Ի դեպ, այս հրապարակումներից հետո Հայրապետյանների ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով լրատվամիջոցներին «ստահոդ և կեղծ տեղեկություններ» չտարածել:
Փաստաբանը նշեց, որ «Հրապարակը», նման տեղեկություն տարածելով, ամսաթիվ և անուն չնշելով, անգամ փորձ չի արել իր վստահորդից ճշտել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ասուլիսին ներկայացած նյութի հեղինակը՝ Սյուզան Սիմոնյանը, հայտարարեց, որ ինքը նյութում վերապատմել է որոշ լրատվամիջոցների, մասնավորապես` hzham.am կայքում հրապարակվածը: Բացի այդ` լրագրողը հայտնեց, որ նույն նյութում իրենք հրապարակել են Ռուզաննա Խաչատրյանի՝ իր մասին տարածված տեղեկությունների վերաբերյալ ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունը:
Նշենք, որ հրապարակումից հետո փաստաբան Կարեն Մեջլումյանը դիմել է լրատվամիջոցին՝ խնդրելով հերքել տեղեկատվությունն ու մինչև մայիսի 30-ին հրապարակել իրենց պատասխանը: Սակայն, ըստ նրա, լրատվամիջոցն իրենց պահանջից հետո երկրորդ նյութն է հրապարակել կայքում՝ այս անգամ հղում տալով hzam.am կայքին:
Լրագրող Ս. Սիմոնյանը, սակայն, վստահեցնում է, որ իրենք փաստաբանի գրությունը ստացել են միայն երկուշաբթի օրը, մինչդեռ նյութը հրապարակվել է շաբաթ օրը, և իրենք, բնականաբար, չէին կարող անմիջապես հրապարակել պատասխանը: Փաստաբանի հարցին, իսկ ինչո՞ւ հետո չեն հրապարակել, լրագրողը պատասխանեց. «Քանի որ դուք չսպասեցիք ու միանգամից դիմեցիք դատարան»:
Նշենք, որ մայիսի 25-ին հայցվորը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Փաստաբանը նաև տեղեկացրեց,, որ իրենք պատրաստվում են դատական հայց ներկայացնել hzham.am կայքի դեմ, սակայն գործընթացը ձգձգվում է, որովհետև տվյալ լրատվամիջոցը գրանցված չէ: «Այս կայքը, կարծես, ֆեյք է, այն ընդամենը մեկուկես ամիս առաջ ակտիվացավ և օրական մի քանի զրպարտող նյութ է հրապարակում. նրանց թիրախը Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանն են»,- ասաց նա:
Նշենք, որ օրերս Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին իր ընտանիքի վերաբերյալ մամուլում զրպարտություններ տարածելու հարցով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զրպարտությունն ու վիրավորանքը արդեն վաղուց ապաքրեականացված են, yerkir.am-ը Մեջլումյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակ ունի նման հարցով դատախազին դիմելը: «Հանցագործության տարրեր կան, սակայն չեմ ցանկանում այս պահին մանրամասներ հայտնել»,- ասաց փաստաբանը:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: