կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 14:20
Իրավական

Հայ-արաբական հարաբերությունները չփչացնելու համար երեք հայերին ուզում են ցմահ դատապարտել

Հայ-արաբական հարաբերությունները չփչացնելու համար երեք հայերին ուզում են ցմահ դատապարտել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երեք քաղաքացիների կողմից Դուբայում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիին սպանելու, նրան պատկանող գրասենյակից 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության ադամանդներ գողանալու, դրանք մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու գործը: Հիշյալ գործի դատաքննություն արդեն ավարտվել է: Այսօրվա նիստում պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:

Նշենք, որ մեղադրող դատախազ Ա. Բարսեղյանն այս գործով կալանքի տակ գտնվող երեք ամբաստանյալների՝ ազգականներ Հովհաննես և Խոսրով Մելքոնյանների ու Սեմյոն Եդիգարյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել: Պաշտպանական կողմի պնդմամբ, սակայն, գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է երկու երկրների հարաբերությունների հետ, և դա է եղել պատճառը, որ գործի նախաքննությունն ի սկզբանե այլ ուղղությամբ է տարվել:

Ըստ Կարեն Հակոբյանի` գործի քննության ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պարզապես չեն ցանկացել փչացնել հայ-արաբական հարաբերությունները: Նա նշեց, որ բազմաթիվ անթույլատրելի ապացույցներ դրվել են մեղադրանքի հիմքում: Փաստաբանի խոսքով` գործն ի սկզբանե չի եղել համապատասխան իրավասու մարմնի վարույթում: Բացի այդ` գործի օբյեկտիվ քննության վրա ազդել է նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից հանձնման պահանջները խախտելը:

«ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև հանձնման մասին պայմանագրի խախտումը և Գևորգ Կոստանյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումները հիմք են տվել այս գործով ապօրինություններին և չարաշահումներին»,- պաշտպանական ճառում ասաց Հակոբյանը:

Փաստաբանը կոչ արեց նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին` գործել անկախ, չկրկնել նախաքննության ընթացքում իրականացված ապօրինությունները: Հակոբյանի խոսքով` մեղադրող դատախազի ճառից պարզ դարձավ, որ նա կրկնել է մեղադրական եզրակացությունը, նրա ճառը հիմնված է եղել ենթադրությունների վրա, շեշտը դրվել է հանցագործության` կազմակերպված խմբի կողմից կատարված լինելու վրա, սակայն, ըստ փաստաբանի, որևէ կերպ չի հիմնավորվել ո'չ կազմակերպված խմբի առկայության, ո'չ էլ նախապես ծրագրված լինելու հանգամանքը:

Նշենք, որ, քննության տվյալների համաձայն, Երևանի 35-ամյա բնակիչ Հովհաննես Մելքոնյանը հաճախակի արտագնա աշխատանքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ զբաղվել է ադամանդների առքուվաճառքով և գործնական հարաբերություններ հաստատել Դուբայի Դեյրա թաղամասի ոսկու առևտրի կենտրոնում գործող` ադամանդների վաճառքով զբաղվող մի ընկերության գրասենյակի աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի հետ:

Առանձնապես խոշոր չափերով ադամանդ հափշտակելու նպատակով վերջինիս սպանելու և ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով Հովհաննես Մելքոնյանը ձևավորել է կազմակերպված խումբ՝ ընդգրկելով հորեղբոր 24-ամյա որդուն՝ Խոսրով Մելքոնյանին, ու նրա 26-ամյա ընկերոջը՝ Սեմյոն Եդիգարյանին: Ըստ գործի նյութերի՝ խմբի անդամներից երկուսը, 2014 թվականի հունվարին միմյանց միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն, հանդիպել են Սալոնկիի հետ և պատվիրել ադամանդներ՝ պայմանավորվելով առքուվաճառքի գործարքը կատարել 2014թ. հունվարի 22-ի երեկոյան: Նույն օրը նրանք գնացել են ոսկու առևտրի կենտրոն՝ ադամանդները տեսնելու և զննելու պատրվակով:

Այնուհետև, նախապես մշակված պլանի համաձայն, ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Սալոնկիի վրա, կապկպել նրա ձեռքերն ու ոտքերը ու, տոպրակը գլխին հագցնելով ՝ մեխանիկական շնչահեղձության եղանակով, դիտավորությամբ կյանքից զրկել նրան, ապա` հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության 6.800 կարատ` տարբեր գույների ադամանդներ: Քննության տվյալներով՝ խմբի անդամները մաքսանենգ ճանապարհով՝ Դուբայ-Երևան չվերթով, ադամանդները տեղափոխել են Հայաստան: