Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը շատ չի ուշանա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ծառուկյանի վերադարձը լուրջ փոփոխություններ է մտցնելու քաղաքական դաշտում, դա բնական է, բայց նրա վերադարձը կլինի ճիշտ ժամանակին, ինչո՞ւ եք շտապում: Ինչի՞ց է ուշանում, ինձ թվում է՝ ո՛չ գնացքն է գնացել, ո՛չ՝ ինքաթիռը, ամեն ինչ նորմալ է, թող ամեն ինչ ճիշտ ժամանակին լինի»,- ասաց նա:
Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Ծառուկյանը «փոշմանի» և չվերադառնա քաղաքականություն: Նա պատասխանեց. «Էդ հարցին պարոն Ծառուկյանը կպատասխանի, բայց ես կարծում եմ, որ` ոչ, այլապես նրա ասածները… Նա ի՞նչ է ասել, ուշադիր պետք է հետևել նրա ասածներին, նա ասել է, որ մոտ ժամանակներում ապագա իր գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա: Եկեք սպասենք և կանխատեսումներ չանենք: Իսկ իմ անձնական կարծիքով՝ պարոն Ծառուկյանը պետք է վերադառնա, և դա կենսական անհրաժեշտություն է: Նա որ գա, չեմ կասկածում, որ բարձր ձայներ են լինելու: Իսկ ինչո՞ւ չլինի այլընտրանքային լուրջ բևեռ, դա բխում է մեր պետության շահերից»:
Խոսելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին՝ Մելքումյանն ընդգծեց, որ վերջնական քաղաքական որոշում այդ մասին չկա, և Ծառուկյանի վերադարձն այդ հարցում էլ կարող է որոշակիություն մտցնել:
«Այդ հարցն էլ է որոշելու կուսակցությունը, և եթե պարոն Ծառուկյանը վերադառնա, այդպես կլինի: Եվ երկրորդ` ես Կենտրոնի բնակիչ եմ և Կենտրոն համայնքը շատ լավ գիտեմ, տիրապետում եմ ամեն ինչին: Վարկանիշայինից չպետք է վախենալ, հակառակը` պետք է գնալ և հասկանալ՝ ժողովուրդը ոնց է ընդունում քեզ: Բա որտե՞ղ դնեմ, հո չե՞մ գնալու` Շիրակում դնեմ: Բայց էլի եմ ասում՝ վերջնական որոշում չկա, թող հայտարարությունը լինի, դրանից բխող լուծումները լինեն, որոշումներ էլ կլինեն»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և վերջերս էլ՝ դեկտեմբերի 25-ին, խմբակցության կազմով են հանդիպել Ծառուկյանի հետ՝ նախատոնական միջոցառման շրջանակներում:
«Աշխատանքային հանդիպումներն էլ են պարբերական»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ Ծառուկյանի հայտարարությունը չի ուշանա: