կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-03 16:28
Հասարակություն

Իսկ կարելի՞ է Ձյունանուշին անընդհատ փոխել. Գագիկ Մելիքյան

Իսկ կարելի՞ է Ձյունանուշին անընդհատ փոխել. Գագիկ Մելիքյան

Yerkir.am-ի հումորային հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

 -Եթե վաղ առավոտյան բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն Նոր տարին ստացվե՞լ է:

- Չեմ կարծում, որ այդ դեպքում կարելի է համարել, որ ստացվել է, որովհետև բոլորը  հնարավոր չէ` նույն վիճակում լինեն: Մոտ վիճակում կլինեն, բայց ոչ` նույն վիճակում: Այն մարդկանց մոտ, ովքեր քիչ են խմել, երևի թե չի ստացվել Նոր տարին:

- Ձմեռ պապն ինչո՞ւ է նախընտրում եղնիկներով երթևեկել, այլ ոչ թե` «Բենթլի»-ով:

- Կարծում եմ, որ այսօր «Բենթլի» ունեցողներից շատերի համար երջանկություն կլիներ եղնիկներով երթևեկելը:

- Ձմեռ պապից մանդա՞տ եք խնդրել,  թե՞ տնտեսական աճ:

- Ձմեռ պապիկից խնդրել եմ  խաղաղություն, իսկ այն, ինչ մենք կարող ենք անել` ապահովել և’ տնտեսական աճ, և’ մանդատ, մենք կանենք: Խաղաղությունը որ լինի, մնացածը մենք կանենք, մենք ի վիճակի ենք անել: Ե’վ երջանկություն, և’ տնտեսական աճ, և’ ամեն ինչ:

- Ամանորի գիշերը երազանք պահեցի՞ք, որ ինչ-որ ընդդիմադիր գործիչ այլևս խորհրդարանում չհայտնվի  2017-ի ընտրություններից հետո:

- Ձմեռ  պապիկից խնդրեցի, որ եկող խորհրդարանն ունենա շատ ուժեղ ընդդիմություն, որը նաև կերաշխավորի հզոր իշխանություն:

- Վարչապետի հանձնարարականը` ով ինչ ուզի, այսուհետ կարող է ազատ ներկրել, տարածվե՞ց Ձմեռ պապի բերած նվերների վրա:

- Ձմեռ պապիկը երբևէ մաքսանենգությամբ չի զբաղվում, մաքսատուրքերը նրա վրա չեն տարածվում, ավելացված արժեքի հարկով չի հարկվում, շահութահարկ էլ չի վճարում: Նա միայն  բարեգործություն է իրականացնում: Բոլորն ազատված են հարկային բոլոր ձևաչափերից:

-Ո՞ր կենդանու հետ կասոցացնեք Նոր տարին:

- Այծի հետ եմ ասոցացնում, որովհետև ես  այծեղջյուր եմ:

-Քանի՞ բաժակ խմելուց հետո եք մոռանում` ով եք, ում եք հյուր գնացել :

- Չի եղել, որ մոռանամ, այդպիսի բան չի եղել: Համենայն դեպս, երբևէ չեմ մոռացել:

-Երազանքների Ձյունանուշը, ում կողքին Ձմեռ պապ կլինեիք:

- Իսկ կարելի՞ է Ձյունանուշին անընդհատ փոխել:  Ամենանախընտրելի տարբերակը Ձյունանուշներին փոխելն է: Ճիշտ չէ մեկը:

-Ամենամեծ դասը, որ քաղեցիք 2016-ին:

- Պետք է միշտ լինել միասնական, դա է մեր հզորություն գաղտնիքը: 2016-ին դա ևս մեկ անգամ  օրակարգային դարձավ:

-Տոներից հետո կշռվո՞ւմ եք:

-Ես այդ խնդիրը չեմ ունենում, որովհետև  ուտելիքների չարաշահման խնդիր չեմ ունենում:  Կշեռք էլ չկա, որ  կշռվեմ: