Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
NewArmenia.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ՝ հունիսի 24-ին ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առնչությամբ։
Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.
Հունիսի 24-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով վերանում է բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը։ Նշենք, որ գործող օրենքով մինչև երեք միլիոն կադաստրային արժեք ունեցող գույքը չի հարկվում։ Նախագիծն առաջարկում է գույքահարկը կիրառել ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքով, ինչի արդյունքում կավելանա գույքահարկը։ Հաշվի առնելով, որ գույքի կադաստրային արժեքն էապես տարբերվում է շուկայական արժեքից, այսինքն՝ շուկայական արժեքն ավելի բարձր է, հետևաբար անշարժ գույքի սեփականատերերի համար կավելանա հարկային բեռը։ Այս օրինագծով նախատեսվում է հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար 2021թ․ սկսած մինչև 2024թ․ աստիճանաբար բարձրացնել գույքահարկը։ Այսինքն՝ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի եւ նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին` 50 տոկոսը, 2023 թվականին` 75 տոկոսը, իսկ նոր համակարգն ամբողջությամբ կներդրվի 2024թ։
Գույքահարկի փոփոխության նպատակը
Այս օրինագծի նպատակներից մեկը տեսանելի հարստության՝ ճոխ առանձնատների համարժեք հարկումն է, քանի որ կադաստրային արժեքով հարկման դեպքում հարկային դրույքաչափը նկատելի ցածր է կազմում։ Ըստ նախագծի՝ պարզ է դառնում, որ նպատակներից է նաև հարկերի վճարման մշակույթի ամրապնդումը, ինչպես նաև ՏԻՄ-երի, Երևան քաղաքի բյուջեներում լրացուցիչ եկամուտ ապահովելը։
ՀՀ վարչապետի և ԼՀԿ պատգամավորի արձագանքները գույքահարկի փոփոխությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս մեկ ամիս առաջ նշել էր, որ ներկայիս գործող կարգավորմամբ չի հարկվում մինչև երեք միլիոն կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը, սակայն իրենք առաջարկում են, որ չլինի չհարկվող գույք։ Ըստ վարչապետի՝ օրինակ տարեկան երեք հարյուր դրամը քաղաքացու համար աննշան գումար է, սակայն պետության համար այն մեծ նշանակություն կունենա հարկելիս, ինչպես նաև Փաշինյանի խոսքով՝ այդ ձևով քաղաքացու պատասխանատվությունն է մեծանում պետության առաջ։
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը հունիսի 24-ին, ԱԺ-ում անդրադառնալով գույքահարկի փոփոխությանը, նաև Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց, որ այս օրենքի ընդունմամբ գույքահարկ սկսում են վճարել 580,000 գույքերի սեփականատերեր, ովքեր մինչև այժմ չեն վճարել գույքահարկ․ «Գույքահարկը բարձրանում է անխտիր բոլորի համար, որը տեղի է ունենալու աստիճանաբար և 4֊-5 տարի անց բոլորի համար գույքահարկը բարձրանալու է մոտ 3-4 անգամ․․․Զարմանալի է, թե ով է ստիպում այս խորացող ճգնաժամային և անորոշության պայմաններում, արտակարգ դրության պայմաններում, իրականացնել աննպատակահարմար փոփոխություններ»,-գրել է նա։
Նախագծի խնդրահարույց դրույթներն ըստ տնտեսագետի
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ եթե մարդն ունի ավելի թանկարժեք գույք, հետևաբար այդ գույքից ավելի պրոգրեսիվ հարկ պետք է վճարի։
«Առաջինը՝ գույքահարկի չհարկվող շեմը հանվեց, այսինքն այն քաղաքացիները, որոնք ունեին ցածրարժեք գույք, նրանք ևս պետք է վճարեն գույքահարկ։ Երկրորդ խնդրահարույց մոտեցումը՝ բարձրացվում է անգամ միջին արժեք ունեցող և ցածրարժեք գույք ունեցողների գույքահարկի բեռ, այն բանի հաշվին, որ անցում է կատարվում շուկայականին մոտարկված գույքահարկի արժեքին։ Այսինքն, եթե այսօրվա հարկման հիմքը կադաստրային արժեքն է, ապա երբ որ անցում է կատարվում շուկայական գնի մոտարկված արժեքով հարկմանը, ապա այդ նույն ցածրարժեք գույքի և նաև միջին արժեքի գույքի գույքահարկի բազան պատիկներով բարձրանում է, այդ թվում նաև գույքահարկի բեռը։ Երրորդը՝ առաջարկում են նոր պրոգրեսիվ սանդղակ, որ ցածր դրույքաչափից գնալով բարձրանում է և մինչև հարյուր միլիոն դրամն է գործում, այսինքն՝ հասնում է մինչև մեկ տոկոս հարյուր միլիոն դրամի գույքի համար, և դրանից հետո այդ մեկ տոկոսը շարունակում է համահարթ ձևով մնալ»,-ներկայացրեց տնտեսագետը։
Թադևոս Ավետիսյանի մեկնաբանմամբ՝ պրոգրեսիվ սանդղակն աշխատում է մինչև երկու հարյուր հազար դոլարանոց գույքի համար, որոնք միջին արժեք ու ցածրարժեք գույքերն են։ Դրանից հետո երկու հարյուր հազար դոլարանոց կլինի, թե երկու հարյուր միլիոն դոլար, ապա սեփականատերը կվճարելու է նույն մեկ տոկոսն այդ գույքի։
«Այսինքն՝ շատից շատ սկզբունքը չի աշխատում սկսած արդեն երկու հարյուր հազար դոլարից։ Եվ սա ճիշտ հակառակը պետք է լիներ։ Իրական պրոգրեսիվությունը պետք է աշխատեր գերբարձրարժեք և շքեզ գույքերի նկատմամբ և իրականում չպետք է հարկվեր ցածրարժեք գույքը և, այո, պիտի լիներ չհարկվող շեմ, որովհետև մենք հիմա այն փուլում չենք, որ համատարած հարկային բեռն ավելացնելու ուղին բռնենք, նաև գույքահարկի»-ընդգծեց նա։
Տնտեսագետն օրինակ բերեց, որ Երևանի կենտրոնում տասնամյակներ շարունակ իրենց հայրական, պապական տանն ապրող մարդիկ, որոնք այդ տունը ժառանգություն են ստացել, նախագծի ընդունման դեպքում պատիկներ անգամ պետք է ավելի շատ գույքահարկ վճարեն, կամ էլ պետք է վաճառեն կենտրոնում գտնվողիրենց գույքը․ «Նույնը Երևանի կամ քաղաքի մերձակայքում սեփական տուն ունեցողները, որոնք հիսունական թվականներից այդ տունը կառուցել են, հիմա շուկայական գնով փորձելու են հարկել։ Այս իմ նշած վայրերում ապրում են մարդիկ, ովքեր ստանում են աղքատության նպաստ։ Այսինքն չի կարող հարկային փոփոխություն լինել, այն էլ անունը սոցիալական բարեփոխում, որը կոնկրետ խոցելի խմբերի համար պատիկներ անգամ բարձրացնում է գույքի հարկային բեռը, այն էլ այսպիսի իրավիճակում»։
Խնդրահարույց դրույթների լուծումն ըստ տնտեսագետի
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ սրա լուծումը կարող էր լինել հետևյալում, որ ոչ թե չհարկվող շեմը հանեին և պրոգրեսիվություն դնեին մինչև երկու հարյուր հազար դոլարը՝ ցածրարժեք և միջին արժեք գույքերի նկատմամբ, այլ ընդհակառակը՝ պարզ մեխանիզմով ուղղակի բարձր պրոգրեսիվ հարկման ենթարկեին գերբարձրարժեք գույքերը՝ վիլլաներն ու շքեղ առանձնատները։
Տնտեսագետը վստահ է, որ այս նախագիծն ընդունվելու դեպքում կիրականացվի միայն այն նպատակը, որ հարկման շեմը հանելով, հարկման բեռի բարձրացման հաշվին համայնքային տեղական ինքնակառավարման այդ թվում Երևան քաղաքի բյուջեի լրացուցիչ եկամուտները կապահովվեն։
«Երբ օրենքն ուժի մեջ մտնի, տարին տարվա վրա գույքահարկի դրույքաչափը բարձրանում է։ Կադաստրային արժեքը հստակ բանաձևերով հաշվարկվող մեծություն է, ի՞նչ է նշանակում շուկայականին մոտարկված արժեք։Շուկայական արժեքը հնարավոր չէ բանաձևով հաշվել։ Շուկայական արժեքն անընդհատ վերագնահատման է ենթակա»։
Նարա Մարտիրոսյան