Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադառնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի մեկնաբանությանը, թե ինքը որևէ խնդիր չի տեսնում հոլովակում, որը ցուցադրվել է Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանով, և որ մարդու իրավունքների պաշտպանը չափազանցրել է, երբ մտահոգություն է հայտնել այդ առիթով։
«Գլխիս մեջ չի տեղավորվում՝ ինչպես կարելի էր այդ հանցավոր տեսանյութը ոչ միայն նկարել, այլև հեռարձակել Հանրապետության հրապարակում։
Գլխիս մեջ չի տեղավորվում՝ ինչպես կարելի է լինել այսքան ցինիկ ու մեծամիտ. Մանե Գևորգյանը, փաստորեն, որևէ աննորմալ բան չի տեսնում հայտնի տեսանյութի հրապարակման մեջ, քանի որ հայհոյանքը ձայնով քողարկվել է։ Իսկ որ իշխանության քննադատներին գնդակահարելու մասին է ի լուր աշխարհի հայտարարվում, դա ոչինչ...
Հայկական Էլչիբեյը պետք է հեռանա, որ շանս ունենանք, նախ, իրականությունը տեղավորել մեր գլուխների մեջ, հետո էլ՝ ինչ-որ կերպ հաղթահարել այս դավաճանների խմբակի բերած ազգային արհավիրքը»,– գրել է Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն էր հայտնել առ այն, թե ինչպես կարելի է Հանրապետության հրապարակում ցուցադրել տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ, խրախուսվում է բռնությունը։ Նա նաև տեղեկացրել էր, որ պատասխանատու պաշտոնյայի հարցով կզբաղվի անպայման։