կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 11:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի Վենետիկի հանձնաժողով դիմել ու առանց պատասխանն ստանալու՝ Սահմանադրություն փոխել․ Տարոն Սիմոնյան

Կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարի, դիմել էր Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք հայցելու համար, բայց արի ու տես, որ չեն սպասել խորհրդատվական կարծիքի տրամադրմանը և պատգամավորները նախաձեռնել են Սահմանադրության ներկա փոփոխությունը, ինչը խնդրահարույց է՝ չի կարելի միջազգային կառույցից ինչ-որ բան հայցել ու չսպասելով պատասխանին դա կազմակերպել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ ճեպազրույցների ընթացքում մեկնաբանելով այսօր ժամը 13։00-ին նախատեսված արտահերթ նիստով Սահմանադրությունը փոխելու մտադրությունը։

«Սրան զուգահեռ՝ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը աշխատանքներ տանում է Սահմանադրության համապարփակ փոփոխություններ կատարելու ուղղությամբ, այդ թվում ՍԴ հարցը հանձնաժողովի քննարկման առարկան է և մենք հեռահար նիստեր ենք անցկացնում և դա քննարկում ենք։ Այդ հանձնաժողովը ձևավորվել է վարչապետի որոշման հիման վրա և այս հրատապությունը չեմ կարողանում հասկանալ, թե ինչով է պայմանավորված»,-նշեց Տարոն Սիմոնյանը։

Սահմանադրության փոփոխության տեքստին, որն այսօր քննարկվելու է, «Լուսավոր Հայաստանը» նոր է ծանոթացել և ոչ թե պաշտոնական կայքէջից, այլ լրատվամիջոցների հրապարակումներից։ Այս հրատապությունը, որի պարագայում անգամ պատգամավորները չեն հասցնում ծանոթանալ տեքստին, ըստ Սիմոնյանի, մեկ անգամ ևս փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին։

«Երկու հիմնական ուղղություններով է նախատեսվում փոփոխությունները․ մեկը, որ 12 տարի աշխատած դատավորները պետք է դադարեցնեն իրենց պաշտոնավարումը և երկրորդը, որ նախագահն այլևս պետք է նախագահ չինի և նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի։ Այս երկու հարցն էլ իրավական տեսանկյունից բավականին խնդրահարույց են»,-ասաց Տարոն Սիմոնյանը։

Մյուս կարևոր խնդիրը, որ այստեղ տեսնում են, այն է, որ  նույն՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 6-ին ամբիոնից հայտարարում էին, որ այս հարցը բացառապես հանրաքվեով կարող է լուծվել, իսկ հիմա, պարզվում է, որ կարող են ԱԺ-ով անել․ սա էլ մյուս անտարամաբանական վարքագիծը։

«Այնքան խնդրահարույց հարցեր կան, որոնց պատասխանը առանց ստանալու գնում են առաջ և ներքաշում են Հայաստանի Հանրապետությանը, որը կամաց-կամաց միջազգային հանրության առջև իր իրավական վարկը գցում է»,-համոզմունք հայտնեց Տարոն Սիմոնյանը։

Այն, որ խորհրդարանը որոշել է չդիմել ՍԴ, նրա համոզմամբ, խախտում է Սահմանադրության համապատասխան հոդվածը, որտեղ գրված է, որ սահմանդրական փոփոխություններով պայմանավորված՝ խորհրդարանը առաջին ընթերցումից հետո դիմում է Սահմանդրական դատարան և սա իմպերատիվ դրույթ է։

«Եթե այս դրույթը չի պահպանվում, խախտվում է ՀՀ Սահմանադրությունը»,-ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ իրենք հասկանում են պատճառաբանությունը, թե ՍԴ-ն իր վերաբերյալ որոշում չպետք է կարողանա կայացնել, դրա համար առաջարկել են տարբերակ, որ վարչապետի որոշմամբ կազմավորված ՍԴ փոփոխությունների հանձնաժողովը քննարկի, թե նախագիծն ինչպիսի ընթացակարգ պետք է անցնի, որ Սահմանադրությունը չխախտվի։

«Նախագիծը փոփոխությունների ենթարկվել է, բայց մեր գործընկերներն ասում էին, որ Սահմանադրության 213 հոդվածը վերաբերում է դատական իշխանությանը, դատական իշխանության հետ կապված ցանկացած փոփոխություն, պնդում էին, որ պետք է կատարվի հանրաքվեի միջոցով, որովհետև 7-րդ գլուխը, որ վերաբերում է դատական իշխանությանը, կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Անհասկանալի է՝ ինչ փոխվեց»,-տարակուսեց Տարոն Սիմոնյանը։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը պատգամավորներին տեղեկացրեց, որ նախագծի ներկա տարբերակով Հրայր Թովմասյանը կարող է պաշտոնավարել իբրև ՍԴ անդամ։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այստեղ գործարքի տարր տեսավ․ «Հրայր Թովմասյանը որ, ասում եք,  շարունակելու է մնալ, գործարքի տարր կա, ես չգիտեմ այդ զիջումը ինչի հաշվին  է արվում»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը այսօր մտադիր է ԱԺ-ում արագացված՝ 3-ժամյա ընթացակարգով, ընդունել Սահմանադրության փոփոխության մի նախագիծ, որով կդադարեցնի ՍԴ գործող նախագահի ու այն անդաների լիազորությունները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել։

Մանրամասն՝ տեսանյութում․