կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-02 19:31
Հասարակություն

2016-ի շառը ապրիլյան օրերն էին, խերը` վարչապետի փոփոխությունը. Արտավազդ Բայաթյան

2016-ի շառը ապրիլյան օրերն էին, խերը` վարչապետի փոփոխությունը. Արտավազդ Բայաթյան

Yerkir.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

 

-Պարոն Բայաթյան, անցնող տարվա խերն ու շառը որո՞նք էին:

-Շառն այն էր, որ ապրիլյան իրադարձությունների մեջ ընկանք: Դա իսկապես մեծ շառ էր, քանի որ բոլորի համար անսպասելի շատ խնդիրներ բացահայտվեցին: Խերն էլ այն էր, որ վարչապետը փոխվեց: Տեսնենք` հետո ինչ կլինի:

-Նվերը, որն այդպես էլ չեք ստացել Ձմեռ պապից:

-Ճիշտն ասած` ուզում էի ավտոմեքենաս փոխել, բայց այդպես էլ չփոխեցի, չստացվեց: Երևի այս տարի էլ կուզեմ:

-Եթե Ձմեռ պապը գա Հայաստան, քանի՞ օր կդիմանա մեր ձեռքին:

-Կարծում եմ` երկար չի դիմանա, լավագույն դեպքում` 12 օր: Խնդիրն այն է, որ և՛ ունևորները, և՛ չունևորներն այնքան ցանկություններ ունեն, որ խեղճ Ձմեռ պապը գլուխը կառնի ու կփախչի: Բացի այդ` մենք մի բնավորություն ունենք` ոչ ոք չի ուզում իր հարցերը լուծել, այլ ուզում են` ինչ-որ մեկը «վերևներից» գա ու լուծի:

՞նչ եք կարծում` կատարյալ Ձյունանո՞ւշն էլ պարտավոր է ունենալ աշխատանքային փորձ և տիրապետել առնվազն 2 լեզվի:

-Ոչ, Ձյունանուշն ընդհանրապես կարող է չխոսել, իր հայտնվելով` յուրաքանչյուր հարցի պատասխանը կտրվի: Ի՞նչ պարտադիր է` լեզուներ իմանա և աշխատանքային փորձ ունենա, դա արդեն Ձյունանուշ չեղավ, եղավ քարտուղարուհի: Ձյունանուշը պետք է լինի գեղեցիկ, բարի, երիտասարդ, ժպիտով:

-Երկրում պետք է ինչ-որ բան փոխվի` առաջընթացի համար, մե՞նք պիտի փոխվենք, թե՞ վերևները:

-Ինձ թվում է` մեկը մյուսի հետ փոխկապակցված է, մենք էլ պետք է փոխվենք, վերևներն էլ: Հարցերն անլուծելի են մնում, քանի որ սրտի խորքում, ըստ երևույթին, մենք չենք էլ ուզում, որ դրանք լուծվեն: Ուզում ենք` ամեն մեկիս համար լավ լինի, բայց ոչ ոք չի ուզում, որ ինքը ջանք թափի և իրեն նեղություն տա: Ուրիշի հաշվին բոլորն էլ պատրաստ են փոփոխության, բայց հենց հերթը հասնում է իրեն, քայլ չի անում:

-2017-ն աքլորի տարի է. տարվա առաջին «ծուղրուղո՜ւ»-ն ինչի՞ մասին կուզեիք ավետեր:

-Կուզեի` առաջին «ծուղրուղո՜ւ»-ն լիներ խաղաղության կանչ, որ ընթացք սկսվեր` առաջընթացի սկիզբ լիներ, որովհետև առանց դրա ուղղակի հնարավոր չէ ոչինչ պատկերացնել: Այսինքն` մարդկանց տրամադրությունը չի փոխվում, և կա մտավախություն, որ մենք անընդհատ կարող է պատերազմական վիճակում հայտնվենք: Սահմանին խաղաղության հարցն ինչքան շուտ լուծվի, այնքան լավ:

-Պարոն Բայաթյան, բազում բիզնեսմեն պատգամավորներ ունենք, ի՞նչ եք կարծում, որևէ մեկը չի՞ կարող Ձմեռ պապ լինել մեզ համար:

-Շատերն են կարող, բայց ոչ բոլորն այդ ցանկությունն ունեն, չեն ուզում այդ դերը կատարել, տարբեր մտավախություններ ունեն: Մեր պատգամավորների կեսից ավելին կարող է Ձմեռ պապի պարտականությունը կատարել, նկատի ունեմ` նյութական իմաստով, բայց չեն անում: Իսկ, առհասարակ, Ձմեռ պապի ամենակարևոր առաքելությունը նվեր տալն է, բայց խորհրդանշականն այն է, որ ինչ-որ նոր բան է սկսվում, և մենք պետք է այդ նորի սկզբում կանգնած լինենք: